Ռուսական կողմը ակնկալում է, որ Երեւանը կվերականգնի իր լիարժեք մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արեւելյան տնտեսական ֆորումի շրջանակում կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Հուսով ենք, որ հենց Հայաստանի, եւ ընդհանուր առմամբ ողջ տարածաշրջանի ապագա անվտանգության շահերից ելնելով, մեր գործընկերությունը Հայաստանի հետ ՀԱՊԿ շրջանակներում ամբողջությամբ կվերսկսվի»,- նշել է դիվանագետը։
Նա նշել է, որ Երեւանը «դե յուրե մնում է դաշինքի լիիրավ անդամ» եւ պահպանում է համապատասխան իրավունքներն ու պարտականությունները, սակայն ներկա փուլում Հայաստանի ղեկավարությունը փաստացի «հավատարիմ է մնում նման փոխգործակցությունից հեռանալու գծին», որը ռուսական կողմի դիրքորոշմամբ, «հակասում է հայ ժողովրդի շահերին»։
Զախարովան նաեւ խոսել է ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցնելու վերաբերյալ պաշտոնական Երեւանից հնչող հայտարարությունների մասին՝ երկրի իշխանություններին փաստացի մեղադրելով լարված տարածաշրջանում հնարավոր հետեւանքների մասին չմտածելու մեջ։
«Նրանք վերջին ժամանակներում հայտարարեցին, որ ՀԱՊԿ-ն է լքում Հայաստանի տարածքը, հետո սկսեցին հայտարարել, որ սառեցրել են կազմակրեպության ներսում մասնակցությունը։ [․․․] հասկանում եք, որ յուրաքանչյուր բառի հետեւում, յուրաքանչյուր արտահայտության հետեւում պետք է լինի ոչ միայն իմաստ, որը չափազանց կարեւոր է, այլ եթե այն ասվում է պաշտոնյայի կողմից, պետք է լինի նաեւ պատասխանատվություն ոչ միայն ասածի, այլ նաեւ հետեւանքների համար։ Կարծում եմ, որ բառերի հետ խաղալը, այսպես ասած, ոչ մի լավ բանի չի հանգեցնում: Հատկապես հաշվի առնելով, որ տարածաշրջանն արդեն անցել է բազմաթիվ փորձությունների միջով»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։