Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ չի բացառել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հնարավոր տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգության ապահովումը կարող է վերապահվել անվտանգության մասնավոր ընկերությունների։
Այս մասին նա խոսել է՝ անդրադառնալով թեմայի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությանը։
«Այո, վարչապետն ասել է, որ դա հնարավոր է։ Եթե հավելյալ տեղեկատվություն լինի, կտեղեկացնենք։ Այս պահին լրացուցիչ տեղեկություն չկա», — նշել է ԱԳ փոխնախարարը՝ ավելացնելով, որ նման դեպքում մասնավոր անվտանգության ընկերությունը պետք է պաշտպանի նաեւ հաղորդակցությունների այն հատվածը, որն անցնելու է Ադրբեջանի տարածքով։
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հաղորդակցությունների պաշտպանության իրավունքը մասնավոր պահնորդական ընկերությանը տալը չի խախտում երկրի ինքնիշխանության սկզբունքը՝ փոխնախարարը պատասխանել է․ «Ոչ, իհարկե չի խախտում»։
Սաֆարյանը նաեւ հավելել է, որ սահմանին ներկա կլինեն հայ սահմանապահներն ու մաքսավորները։