Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը այսօր տարածած հայտարարության մեջ եւս մեկ անգամ ընդգծում է, որ Վրաստանի Եվրամիությանն ինտեգրման գործընթացը փաստացի կասեցվել է։
«Եվրամիությունը հիշեցնում է, որ Վրաստանի անդամակցության գործընթացը փաստացի կասեցվել է եւ կոչ է անում իշխանություններին վերադառնալ ինտեգրման ուղի», — ասվում է Եվրամիության ներկայացուցչության հայտարարության տեքստում, որը տարածվել է ի պատասխան երկրի խորհրդարանում ԼԳԲՏ քարոզչությունն արգելող «Ընտանեկան արժեքների եւ անչափահասների պաշտպանության մասին» օրենքի ընդունման։
Եվրամիությունը նաեւ մտահոգություն է հայտնում, որ ԵՄ ինտեգրման վրա էական ազդեցություն ունեցող օրենսդրությունն ընդունվել է առանց համապատասխան հանրային քննարկումների և եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխանության մանրակրկիտ վերլուծության:
«Եվրամիությունը կոչ է անում Վրաստանի իշխանություններին ամբողջությամբ վերանայել այս օրենսդրական փաթեթը։ Նման նախագիծը, քաղաքացիական հասարակության նկատմամբ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքով սահմանված սահմանափակումների հետ մեկտեղ, ավելի կլարեն Եվրամիության եւ Վրաստանի հարաբերությունները»,- ասվում է հայտարարության մեջ։
Բացի այդ ԵՄ-ն դատապարտել է Վրաստանի խորհրդարանի կողմից օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ ընդունումը։
«Այս փաթեթը խարխլում է Վրաստանի բնակչության մի մասի հիմնարար իրավունքները եւ հասարակության մի մասի նկատմամբ խարանման եւ խտրականության վտանգ է ստեղծում»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանն ընդունել է օրինագծերի փաթեթ, որը նախատեսում է ԼԳԲՏ անձանց իրավունքների սահմանափակումներ։ Դրա հաստատմանը կողմ է քվեարկել մեծամասնություն կազմող «Վրացական երազնաք» կուսակցության 81 պատգամավոր (0 դեմ)։ «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» ընդհանուր վերնագրով օրինագծերի փաթեթը նախատեսում է փոփոխություններ գործող 18 օրենքներում։