Զապորոժիեի ատոմակայանի միջուկային անվտանգության բոլոր յոթ բաղադրիչները մասամբ կամ ամբողջությամբ խափանվել են: Այս մասին ասվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրեն Ռաֆայել Գրոսսիի կայան կատարած այցից հետո իրավիճակի վերաբերյալ կազմակերպության հրապարակած զեկույցում։
«Իրավիճակը Զապորոժիեի ատոմակայանում վերջին երկու տարիների ընթացքում մնացել է երերուն եւ անկայուն վիճակում, իսկ անվտանգության բոլոր յոթ բաղկացուցիչ բաղադրիչները ամբողջությամբ կամ մասնակիորեն խաթարվել են», — ասվում է Գրոսսիի զեկույցի նախաբանում:
Նա նշել է, որ ատոմակայանում տեղի ունեցած միջադեպերը, ներառյալ հովացման աշտարակում բռնկված հրդեհը եւ «կասկածելի» անօդաչու թռչող սարքի հարվածները, դեռ չեն հանգեցրել ճառագայթային վթարի, սակայն կայանի անձնակազմի եւ միջազգային հանրության համար ռիսկերը «աճում են, քանի որ զինված հակամարտությունը շարունակվում է»։
«Մենք թեւակոխել ենք Զապորոժիեի ԱԷԿ-ում մեր ներկայության երրորդ տարին, մենք պարտավորվում ենք շարունակել միջազգային հանրության, անդամ երկրների եւ հասարակության հետ բացահայտորեն կիսվել ԱԷՄԳ-ի տեղեկատվություններով ու գնահատականներով»,- հավելել է Գրոսին։