«Անասելի դժվար է թողնել հայրենիքն ու հեռանալ հատկապես այն մարդուն, ով լավ գիտի պապենական հողի հունքուբունքը, պատմությունը»:
Վրեժ Խաչատրյանը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղում է ծնվել, մեծացել: Եթե իր իսկ տանը հանգիստ ապրելը մարդու համար բնական է, Արցախցու համար՝ շքեղություն է եղել. ի՞նչ անհոգ կյանք թշնամու աչքի առաջ, հայրենիքը կորցնելու վտանգը սրտում: Ինչպես իր բոլոր ընկերներն, այնպես էլ Վրեժը թշնամուց վրեժն առել է հայրենիքում ապրելով, հայրենիքն ամեն ինչից վեր դասելով:
Իր պատմության ուսուցչից ոգեշնչված՝ Վրեժը որոշում է քայլել սիրելի ուսուցչի ուղով: Արցախի պետական համալսարանում պատմության մասնագետ է դառնում, ուսումնառության ընթացքում էլ հարազատ գյուղի դպրոցում նախնական զինվորական պատրաստություն դասավանդում: Այնուհետեւ դաստիարակության գծով փոխտնօրենի եւ պատմության ուսուցչի պարտականությունն է ստանձնում:
«Լինել պատմության ուսուցիչ մի բան է, լինել պատմության ուսուցիչ Արցախում՝ լրիվ այլ բան։ Օդից ու ջրից առաջ երեխաներին պետք էր հայրենասիրություն, ընկերասիրություն դասավանդել»,- ասում է Խաչատրյանը: Խոսքի ընթացքում հուզվում է, անուն առ անուն հիշում 44-օրյա պատերազմին զոհ գնացած սաներին: Բարձրաձայն մտածում է. «Ես ընկերասիրություն էի սովորեցրել, որ այդ գաղափարով՝ թեւթիկունք եղած ապրեին, ոչ թե ռազմի դաշտում, վերջին անգամ ապացուցելով ընկերոջ համար կյանքը չխնայելուն պատրաստ լինելը, զոհվեին:
Սիրելի դպրոցում աշխատանքային վերջին օրը Վրեժը միշտ վրեժով լցված կհիշի: Պատմում է՝ կեսօր է եղել, աշակերտների մեծամասնությունն արդեն դպրոցում չեն եղել: Երբ կրակահերթը սկսվել է, պատմության ուսուցիչը երեխաներին թաքցրել է դպրոցին կից նկուղային մի կառույցում: Զինանոցից զենք է վերցրել, որ երեխաներին անվտանանգ հասցնի ծնողներին: Վրեժը զարմանում է, թե ինչ բնազդով է բացի երեխաներից՝ եւս չորս հոգու փրկել գերի մնալուց:
Իր մանկահասակ երեք երեխաների, կնոջ եւ մոր հետ կարողանում է գյուղից եւս մի քանի երեխաների տանել Ստեփանակերտ, այնտեղ հանձնել ծնողներին:
«Գյուղի տնից դուրս գալիս դռները չփակեցինք, հույսով, որ վերադառնալու ենք»,-պատմում է Վրեժը եւ հիշում, որ 90-ականներին եւ 2020 թվականին էլ էին տեղահանվել, բայց որոշ ժամանակ անց վերադարձել իրենց տները:
Արտագաղթի ճանապարհից երկար չի խոսում, միայն ասում է՝ դիմանալու չէր, բայց դիմացանք: Շիրակի մարզի Ազատան գյուղում մեկ ամիս ապրում են բարեկամի տանը, հետո տուն վարձակալում, վատից-լավից շարունակում կյանքը: «Պետական աջակցություն կար, մարդիկ էլ օգնում էին, բայց միայն դրա վրա հույս դնել չէր լինի, աշխատել էր պետք, կարողություններս գործի դնել»,- ասում է մանկավարժը,- իմացա, որ Կառունտի դպրոցում զինղեկի գործ կա: Եկա, ընդունեցին: Կոլեկտիվը շատ լավն է, իմ հանդեպ լավ են տրամադրված, զարմանալիորեն նման են իմ Ճանկաթաղի դպրոցի գործընկերներին»:
Կառնուտցի աշակերտներին ոչ պակաս է սիրում, քան արցախցիներին, բայց ասում է՝ այնտեղ երեխաներն ավելի աչալուրջ էին, ավելի զգոն. կյանքն էր ստիպել: «Փառք Աստծո, որ այդպես է… Տա՛ Աստված, որ երբեք չիմանան ինչ է կրակի տակ դաս անելը»:
Վրեժը ռազմամարզական մրցույթների է մասնակցել, ԿԳՄՍ նախարարության կողմից լեյտենանտի կոչում ստացել: Թեեւ ուսուցչի վարձատրույունը Հայաստանում ավելի փոքր է, քան Արցախում էր, բայց մանկավարժությունից երբեք չի հրաժարվի, դրանով ապրում է, իրեն լիարժեք զգում: Որոշել է ավելի շատ վաստակելու համար ազատ ժամանակ մեղվաբուծությամբ զբաղվել, Շիրակի մարզում վերջնականապես հաստատվել: Բռնի տեղահանվածների բնակապահովման պետական ծրագրից կօգտվի, տուն կգնի. հոգնել են տեղից-տեղ գնալուց, նոր բույն հյուսելուց:
Վրեժը որոշել է՝ Շիրակի մարզից եթե գնա՝ միայն մեկ ուղղությամբ՝ երազելի Ճանկաթաղ:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։