Գերագույն Ռադան լիագումար նիստում հաստատել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հրաժարականը, այս մասին հայտնել են պատգամավորներ Յարոսլավ Ժելեզնյակը եւ Իրինա Գերաշչենկոն։
330 պատգամավորներից Կուլեբայի հրաժարականին կողմ են արտահայտվել 240-ը։ Դեմ է քվեարկել մեկ պատգամավոր, 45-ը ձեռնպահ է մնացել, իսկ 44-ը չեն մասնակցել քվեարկությանը։
Իրինա Գերաշչենկոյի խոսքով՝ Կուլեբան, չի ներկայացել խորհրդարանի դահլիճ։ Պատգամավորը դա անվանել է «անհարգանք խորհրդարանի նկատմամբ» եւ «ոչ եվրոպական դիրքորոշում»՝ նշելով, որ դեռեւս ոչինչ հայտնի չէ Կուլեբայի կողմից պաշտոնը լքելու պատճառների մասին։
Կուլեբայի հրաժարականից հետո ԱԳՆ-ն կգլխավորի նրա առաջին տեղակալ Անդրեյ Սիբիգան, հայտարարել է «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։
Դմիտրի Կուլեբան Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականի մարտից։ 2022 թվականին պատերազմի բռնկումից հետո նա մեծապես պատասխանատու էր արեւմտյան գործընկերների հետ Ուկրաինայի փոխգործակցության համար եւ պարբերաբար հանդիպումներ էր ունենում արեւմտյան քաղաքական գործիչների եւ դիվանագետների հետ։