Հեռահար հարվածներ հասցնելու համար անհրաժեշտ սպառազինության բացակայությունն է Կուրսկի մարզում հարձակողական գործողության անհրաժեշտություն առաջացրել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ինչ վերաբերվում է հեռահարությանը։ Հենց հեռահարությունն է, որ մեզ ստիպել է մտածել։ Մտածել ամեն վարկյան, թե ինչ այլընտրանքներ ունենք։ Եվ դա հանգեցրեց Կուրսկի մարզում գործողության իրականացմանը։ Ընդ որում հաջողված գործողության»,- Զելենսկու խոսքերը մեջբերում է «РБК-Украина»-ն։
Ուկրաինայի նախագահը պատմել է, որ նախ երկրի հետախուզական ծառայություններից ստացված տեղեկատվություններն, ապա նաեւ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հնչեցրած հայտարարությունները հաստատել են, որ Ռուսաստանը մտադիր է Ուկրաինայի տարածքի խորքում՝ միջպետական սահմանի երկայնքով բուֆերային գոտի ստեղծել։
«Այդ ժամանակ մենք հասկացանք, որ նրանք կանգ չեն առնի։ Հետո հասկացանք, որ պետք է համապատասխան գործողություն իրականացնենք։ Որպեսզի բուֆերային գոտին ստեղծեն ոչ թե իրենք, այլ մենք։ Որեսզի հետագայում ոչ թե հետ մղնեք նրանց հարձակումներն, ինչպես դա տեղի ունեցավ Խարկովում՝ տարածքներ ու մարդիկ կորցնելով, այլ ընդհակառակը, անսպասելի մի բան անել։ Այսպես առաջ եկավ այս գործողությունը»,-պատմել է Զելենսկին։
Օգոստոսի 6-ին Կուրսկի մարզում ուկրաինական հարձակման մեկնարկից ի վեր, ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու, ուկրաինական զորքերը վերահսկողության տակ են վերցրել 1300 քառակուսի կիլոմետր ռուսական տարածք եւ 100 բնակավայր՝ գերի վերցնելով մոտ 600 ռուս զինվորականի։
Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Կուրսկի մարզում հարձակողական գործողության շնորհիվ Ուկրաինան կանխել է Խարկովի, Սումիի եւ Չեռնիգովի շրջանների որոշ հատվածների օկուպացիայի սպառնալիքը։