Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի վարչապետ է նշանակել 73-ամյա աջ կենտրոնամետ քաղաքական գործիչ Միշել Բարնեին եւ նրան հանձնարարել կառավարություն ձեւավորել։
Անհասկանալի է, թե արդյո՞ք Բարնեի կառավարությունը կկարողանա շահել խորհրդարանի անդամների վստահությունը, որում հունիսի 30-ին եւ հուլիսի 7-ին կայացած ընտրություններից հետո ոչ մի կուսակցություն բացարձակ մեծամասնություն չունի։
Բարնեն Ֆրանսիայի պահպանողական «Հանրապետականներ» կուսակցության անդամ է։ Իր քաղաքական գործունեության ընթացքում ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Եվրամիության կառույցներում նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ 2016-ից 2019 թվականներին Բրյուսելի անունից նա ղեկավարել է Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ Եվրամիությունից դուրս գալու պայմանների շուրջ բանակցությունները։
«Այս նշանակումը հաջորդել է աննախադեպ բազմաթիվ խորհրդակցություններին, որոնց ընթացքում նախագահը, իր սահմանադրական պարտքի համաձայն, վարչապետի եւ ապագա կառավարության համար ապահովել է առավելագույն կայուն պայմաններ եւ տվել հնարավորինս շատ մարդկանց համախմբելու հնարավորություն»,-ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության տեքստում։
Դրանում նաեւ նշվում է, որ Բարնեին հանձնարարված է «ձեւավորել միավորող կառավարություն, որը կծառայի երկրին եւ ֆրանսիացի ժողովրդին»:
Նախագահ Մակրոնը վարչապետի պաշտոնի համար դիտարկում էր մի քանի անձանց թեկնածություն՝ փնտրելով այնպիսի անձի, ով բավարար հեղինակություն կունենար կայուն կառավարություն կազմելու համար։
Բարնեն նաեւ պայքարել է 2022 թվականի նախագահական ընտրություններում թեկանծություն առաջադրելու իրավունքի համար, սակայն 5 %-ի տարբերությամբ պարտվել էր իր մրցակից Վալերի Պեկրեսին։
Քարոզարշավի ժամանակ նա աչքի էր ընկել Ֆրանսիա ներգաղթի դեմ կոշտ սահմանափակումների կոչերով եւ Եվրամիության դատարաններից երկրի «օրինական ինքնիշխանությունը» վերադարձնելու վերաբերյալ հայտարարություններով։