Ուկրաինայի զինված ուժերը կասեցրել է ռուսական զորքերի առաջխաղացումը Դոնեցկի մարզի Պոկրովսկ բնակավայրի ուղղությամբ, CNN-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։
«Վերջին վեց օրվա ընթացքում հակառակորդը ոչ մի մետր առաջ չի շարժվել Պոկրովսկի ուղղությամբ։ Այլ կերպ ասած մեր մարտավարությունն աշխատում է։ Մենք նրանց զրկել ենք մանեւրելու եւ այլ կողմերից ուժերը տեղափոխելու հնարավորությունից։ Այդ թուլացումը որոշակիորեն զգացվում է նաեւ այլ շրջններում։ Մենք տեսնում ենք, որ հրետանային հարձակումների թիվը, ինչպես նաեւ հարձակման ինտենսիվությունը նվազել են»,-ասել է Սիրսկին։
Գեներալը նաեւ անդրադարձել է Ռուսաստանի Կուրսկի մարզում ընթացող հարձակողական գործողություններին եւ նշել, որ այն ընթանում է հաջողությամբ։
«Սա նվազեցրել է թշնամու հարձակման վտանգը։ Մենք թույլ չտվեցինք, որ նրանք գործեն։ Մենք մարտերը տեղափոխեցինք թշնամու տարածք, որպեսզի [թշնամին] զգա այն, ինչ ամեն օր մենք ենք զգում»,-ասել է Սիրսկին եւ հավելել, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տասնյակ հազարավոր զինվորների է տեղակայել Կուրսկի մարզում, այդ թվում՝ իր լավագույն օդադեսանտային ստորաբաժանումներից մի քանիսը:
Նրա խոսքերով Կուրսկի մարզում հարձակողական գործողությունների անցնելը հետապնդել է մի քանի հիմնական նպատակ. թույլ չտալ Ռուսաստանին Կուրսկը օգտագործել որպես նոր հարձակման հենակետ, ռուսական ուժերը շեղել այլ տարածքներից, ստեղծել անվտանգության գոտի եւ կանխել սահմաններից այն կողմ քաղաքացիական թիրախների գնդակոծումը, ինչպես նաեւ գերի վերցնել ռուս զինվորականներին եւ բարձրացնել ուկրաինական բանակի ու ողջ երկրի մարտական ոգին։