Ադրբեջանն ու Հայաստանն արդեն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստի գրեթե 80%-ը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով Իտալիայի Չեռնոբիո քաղաքում անցկացվող միջազգային ֆորումում։
«Մենք կկարողանանք խաղաղության հասնել Հարավային Կովկասում, դա են վկայում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցային ուղու վերջին իրադարձությունները։ Մենք ակտիվորեն շարունակում ենք բանակցությունները, եւ խաղաղության պայմանագրի տեքստի գրեթե 80%-ն արդեն համաձայնեցված է»,- ասել է Ալիեւը ում խոսքերը մեջբերում է AzerTac լրատվականը։
Ադրբեջանի նախագահը նաեւ նշել է, որ Հայաստանի հետ հասել են սահմանների սահմանագծմանը եւ նույնիսկ սահմանազատմանը, որը փոքր, բայց եւ ճշգրիտ ուղղությամբ արված քայլ է։
«13 կիլոմետրանոց հատված է սահմանազատվել, մենք 1000 կմ սահման ունենք Հայաստանի հետ: Սակայն, սա ճիշտ ուղղությամբ արված քայլ է, եւ մենք հուսով ենք, որ խաղաղ բանակցությունների վերաբերյալ Ադրբեջանի այս նախաձեռնությունը կհանգեցնի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,-ասել է Ալիեւը։