Իրանը դեմ է, որ այլ երկրներից գան ու Սյունիքով անցնող ճանապարհներին վերահսկողություն կամ անվտանգություն սահմանեն։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի անվտանգության ապահովումը մասնավոր պահնորդական ընկերությանը լիազորելու հնարավորությունը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել էր, որ Երեւանում պատրաստ են Սյունիքով անցնող կոմունիկացիաների բացմանը` առանց Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը կասկածի տակ դնելու: Որպես տարբերակ Փաշինյանն առաջարկել էր անվտանգության ապահովման գործառույթը մասնավոր պահնորդական կազմակերպությանը հանձնելը։ Վարչապետը այլ մանրամասներ չէր նշել, սակայն հայտարարել էր, որ հայկական կողմի այս ընկալումը դրական է ընդունվում եւ՛ Բաքվում, ե՛ւ Մոսկվայում։
Իրանի դեսպանն էլ մեկնաբանելով այս ամենը նշել է․ «Կողմ ենք, որ ցանկացած վերահսկողություն պետք է լինի Հայաստանի կողմից։ Մենք դեմ են, որ այլ երկրներից գան այստեղ եւ փորձեն ինչ-որ անվտանգություն կամ վերահսկողություն սահմանեն։ Եվ այն, ինչ փոխանցվել է Հայաստանի իշխանությունների կողմից, այն է, որ սահմանային անցակետերի վերահսկողությունը լինելու է Հայաստանի պատկան մարմինների կողմից եւ Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Ինչքանով, որ ինձ է փոխանցվել, դա չի խոսում այն մասին, որ անվտանգությունը պետք է հանձնվի ինչ -որ միջազգային կազմակերպության։ Այլ խոսքն այն մասին է, որ տվյալ առեւտրային ընկերությանը ներկայացուցիչն իր բեռը փոխադրելիս կարող է ներկա գտնվել այդ ճանապարհի ընթացքում։ Ինձ փոխանցվել է, որ անվտանգությունը եւ վերահսկողությունը լինելու է Հայաստանի կառավարության կողմից եւ հայաստանյան մարմինների կողմից»։
Հիշեցնենք, որ նախօրեին էլ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X-ի իր էջում գրել էր, որ ցանկացած սպառնալիք հարեւանների տարածքային ամբողջականությանը կամ սահմանների վերագծուման փորձերը բացարձակապես անընդունելի է եւ կարմիր գիծ Իրանի համար։
Ավելի վաղ էլ՝ սեպտեմբերի 3-ին Իրանի արտգործնախարարության Եվրասիայի հարցերով վարչության գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն երկուշաբթի երեկոյան Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը դեմ է Հարավային Կովկասում միջազգայնորեն ճանաչված սահմանների եւ աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության:
Ռուսաստանի դեսպանի հետ Իրանի արտգործնախարարության ներկայացուչրի հանդիպումն էլ կայացել էր Հայաստանի Սյունիքի մարզով անցող կոմունիկացիաների բացմանը հայկական կողմից խոչնդոտելու մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի օգոստոսի 20-ին հնչեցրած հայտարարությունների ֆոնին։