ԱՄՆ-ն կարող է ուղիղ բանակցություններ սկսել Վաշինգտոնի կողմից ահաբեկչական կառույցների ցանկում ներառված պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ՝ ամերիկացի պատանդներին ազատ արձակելու համար։ Այս մասին հայտնում է բրիտանական The Daily Telegraph (DT) թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Գազայի հատվածում հակամարտությունը կարգավորելու համար ընթացող բանակցությունների արդյունքներից տեղյակ իսրայելցի պաշտոնյան, ով չի ցանկացել անունը նշել, թերթին պատմել է, որ որ «Վաշինգտոնն արդեն սկսել է ուսումնասիրել» առանց Իսրայելի մասնակցության պատանդների ազատ արձակման համար միակողմանի գործարքի հնարավորությունը։
Պարբերականը հավելում է, որ այս պահին պարզ չէ, թե ինչպիսին կարող են լինել այս համաձայնագրերը եւ դրա դիմաց ինչ է պատրաստվում ԱՄՆ-ն առաջարկել ՀԱՄԱՍ-ին, սակայն այս հարցի վերաբերյալ ցանկացած քննարկում «էականորեն խարխլելու է» Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ նրա կառավարության դիրքերը։
Սեպտեմբերի 2-ին Axios պորտալը, վկայակոչելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցչից ստացված տեղեկատվությանը, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է առաջիկա օրերին ներկայացնել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի նոր ու վերջնական տարբերակը։ Ենթադրվում է, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մեկ շաբաթ ժամանակ կունենան ԱՄՆ նախագահի նոր առաջարկին արձագանքելու համար։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի վարչակազմը հրապարակայնորեն իր անհամաձայնությունն էր հայտնել Նեթանյահուի հետ՝ Գազայում հրադադարի շուրջ բանակցությունների առաջընթացի գնահատականներում։
Այսօր էլ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ հրադադարի եւ պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնագրի 90%-ը համաձայնեցված է։
Միեւնույն ժամանակ Նեթանյահուն փաստացի հերքել է այդ հայտարարությունները՝ ասելով, որ «դա միանշանակ ճիշտ չէ»։
Իրավիճակը Մերձավոր Արեւելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի հարավային շրջաններ ՀԱՄԱՍ շարժման զինված խմբավորումների ներթափանցումից հետո, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ եւ ավելի քան 240 մարդու պատանդառությամբ։ Արդյունքում Իսրայելական բանակը որպես պատասխան շրջափակեց Պաղեստինի Գազայի հատվածը եւ լայնածավալ ցամաքային ու օդային ռազմական գործողություններ սկսեց՝ հայտարարելով, որ դրա գլխավոր նպատակը ՀԱՄԱՍ-ի ոչնչացումն է, պատանդների ազատ արձակումը եւ Գազան Իսրայելի համար անվտանգ շրջան դարձնելը։