Մեկ տարի է անցել արցախցիների զանգվածային բռնի տեղահանությունից։ Հազարավոր անտուն դարձած արցախահայերից, այսօրվա տվյալներով, 3500-ը Շիրակի մարզում են հաստատվել:
Թիվն ավելի մեծ էր. շատերն արտագաղթեցին արտերկիր: Շատերն էլ չդիմանալով Հայաստանի ամենահյուսիսի սառնամանիքին, երկրի ամենաաղքատ եւ գործազրկության ամենաբարձր ցուցանիշն ունեցող մարզի պայմաններին նախընտրեցին բնակություն հաստատել այլ մարզերում:
«Շիրակի մարզում մեզ պահողը մարդկային ջերմությունն ու հոգատարույունն է, թե չէ ոչ բնությունն է բարjացկամ, ոչ էլ սոցիալական վիճակն է մի բան»,- ասում է Բենիամին գյուղում հաստատված Արեւիկ Գասպարյանը:
Կինը թեեւ կյանքի չորրորդ տասնամյակն է բոլորել, բայց անհամեմատ ավելի մեծահասակի տեսք ունի, ծանր կյանքն է ստիպել: «Այնպես չէ, թե տեղահանվեցինք, նոր սկսվեցին մեր դժվարությունները»,-պատմում է 9-հոգանոց ընտանիքի մայրը, որը նաեւ հոր պարտականությունն է կրում ուսերին: Շրջափակման, սովի ժամանակ կորցրել է հիվանդ ամուսնուն եւ տղային: Հարազատ Թաղավարդ գյուղում թանկ շիրիմներն ու ողջ կյանքի ստեղծած ապրուստը թողել, Բենիամին է եկել:
«Չորս օր դաժան ճանապարհով եկանք, դափ-դատարկ, սոված-ծարավ հայտնվեցինք այստեղ: Միակ մխիթարական բանն այն է, որ հարազատի պես ընդունեցին մեզ: Բոլորը, ով ինչ ուներ, բերեցին, օգնեցին»: Բենիամինում ընտանիքի առաջին թոռնիկն է լույս աշխարհ եկել, Արեւիկի եւ ընտանիքի ապրելու հույսը մեծացրել:
Ընտանիքի առօրյան փոքր ինչ հունի մեջ էր ընկել, սովորել էին նոր միջավայրում ապրելուն, սակայն ամենամսյա աջակցությունն էլ չստանալը նոր հոգսի առաջ է կանգնեցրել նրանց, սննդի, ամենօրյա ծախսերի գումարը չի բավարարում:
Վարձակալած տունը հարմարավետ չէ, կոմունալ պայմաններ չկան, բայց Բենիամինից այլ տեղ գնալ չեն ուզում: Բնակապահովման պետական ծրագրից Արեւիկն առայժմ հրաժարվում է, ասում է՝ Թաղավարդ են գնալու, հարազատների շիրիմներին հասնելու: «Թող տունս վառված, ունեցվածքս ոչնչացած գտնեմ, բայց գնամ հասնեմ հարազատ գյուղս»:
Նշենք, որ Ալիք Մեդիան առաջին անգամը չէր, որ այցելել էր Գասպարյանների բազմադամ եւ հոգսաշատ ընտանիքին: Մեր հրապարակած նյութերը առիթ էին դարձել, որ ամերիկաբնակ, 88-ամյա նկարչուհի Մարգարիտա Ավետյանը կապ հաստատի, աջակցի նման ընտանիքներին:
Բարերարի օժանդակությամբ ո՛չ միայն Գասպարյաններին, այլեւ տեղահանված բազմաթիվ մեծ ընտանիքներին տրամադրել ենք մեծ քանակությամբ առաջնային օգտագործման, հիգիենայի, անկողնային եւ այլ պարագաներ, պարենային ապրանքներ:
Հավելենք, որ բարերարի աջակցությունը Ալիք Մեդիայի միջոցով հասնում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքիներին, այլեւ 44-օրյա պատերազմում վիրավորված բազմաթիվ զինվորների:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։