Արցախից բռնի տեղահանումից գրեթե մեկ տարի անց էլ Արփինե Մարտիրոսյանն ամենայն մանրամասնությամբ հիշում է սեպտեմբերի 19-ը։ Շրջափակման օրերին դժվարությամբ ձեռք բերած ալյուրով վերջին հացն էր թխում, երբ պատերազմի բոթը հասավ։ Ցերեկն աղջկան պետք է ուղարկեր Ստեփանակերտ՝ բժշկական քոլեջ։ Մերին առաջին կուրսում էր սովորում, մի քանի օր էր հասցրել դասի հաճախել։
Ասկերանի շրջանի Նորագյուղում բնակվող ընտանիքի տունը գյուղի վերջնամասում էր, որտեղ երեւացել էին թշնամու տանկերը, դրոշները։ Արփինեն ու երեխաները հասցրել էին հարեւանի նկուղ մտնել, ամուսինը մեկնել էր դիրքեր։
Կրակոցների, պայթյունների ձայների տակ անցկացրած գիշերը Արփինեի համար ամենաերկարն է եղել։ Նկուղում հավաքված կանայք երեխաներին հուսադրել են, թե ամեն ինչ լավ կլինի, բայց իրենք էլ լավ իմացել են՝ մի հարված, եւ ոչ ոք ողջ չի մնա։
Հաջորդող օրերն արագ ու անորոշ են անցել․ ուղղությունը՝ օդանավակայան, հետո՝ նորից տուն։ Բարեկամի ավտոմեքենան են վերցնել, մի տեղից բենզին հայթայթել ու, թողնելով ամեն ինչ, բռնագաղթել։
Սեպտեմբերի 29-ին հասել են Գորիս։ Արփինեի վեցհոգանոց ընտանիքը՝ ինքը, ամուսինն ու չորս անչափահաս երեխաները, հաստատվել են Վայոց ձորի մարզի սահմանապահ Խնձորուտ գյուղում, վերջերս էլ նրանց են միացել սկեսուրն ու ամուսնու եղբայրը։
Շրջափակում, քառասունչորսօրյա պատերազմ հաղթահարած Արփինեն ասում է՝ ամենաանհուսալի պահին անգամ մտքներով չի անցել, թե Արցախը կարող է հայաթափվել։ Միշտ հավատացել են՝ դա էլ կանցնի։
«2020-ին տեղահանված մարդկանց համար տներ, դպրոցներ էին կառուցում, ակտիվ շինարարություն էր ընթանում։ Դա մեզ հույս էր տալիս, մտածում էինք՝ լավ կլինի։ Իրար հույս տալով ապրում էինք․ հաճախ, երբ դիրքերում հրաձգություններ էին լինում, լարվում էինք, բայց ասում էինք՝ պիտի արարենք, ստեղծենք։ Մինչեւ վերջին պահն էլ մի բան անում էինք, սարքում, կառուցում»,- ասում է Արփինեն։
Արփինեն հիշում է Արցախում ապրած տարիները. բնակվել են ամուսնու մոր տանը, այդ ընթացքում կառուցել իրենց տունը, որտեղ հասցրել են ընդամենը 5-6 տարի ապրել։ Բռնագաղթել են՝ իրենց հետ ոչինչ չվերցնելով։ «Տղաս դուրս գալիս գրկել համբուրում էր տան պատերը․ ախր դրա կառուցման ընթացքում ինքն էր հոր ընդմիջման համար հաց ու ջուր տանում»,- հիշում է Արփինեն։
Վարձակալած բնակարանի համար դեռ չեն վճարում, տանտերը թույլ է տվել բնակվել, իսկ վարձավճարը կտրամադրեն տան նորոգման համար։ Ափսեից մինչեւ մահճակալ նորից են ձեռք բերել, բայց Արփինեն չի դժգոհում՝ կարեւորը խաղաղություն լինի։
Սահմանապահ գյուղում արցախցի ընտանիքին ջերմ են ընդունել։ Ինչով կարողացել են, օգնել են։ «Այնքան աջակցություն ենք ստացել գյուղացիներից, հարեւաններից, որ նույնիսկ հարազատից այդքան ակնկալել չէինք կարող»։
Երեխաներն ընդունվել են Խնձորուտի դպրոց։ Ավագ դուստրը, որ Արցախում բժշկական քոլեջ էր հաճախում, հիմա 11-րդ դասարանում է սովորում։ «Աղջիկս ուզում է մասնագիտություն ձեռք բերել, բայց դժվարությունները շատ են։ Տրանսպորտի հարց կա, ամեն անգամ տաքսիով քաղաք ճանապարհել չեմ կարող»,- ասում է Արփինեն՝ խուսափելով դժվարություններից խոսելուց,- բոլորն էլ խնդիրներ ունեն»։
Սահմանից սահման տեղափոխված ընտանիքը մի բան է ուզում՝ խաղաղություն լինի, որ կարողանան աշխատել, երեխաներին կրթության տալ եւ ամեն պահի չմտածել տունը լքելու մասին։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: