Հայաստանը Ադրվիբեջանին առաջարկում է ստորագրել խաղաղության պայմանագրի ներկա պահին համաձայնեցված դրույթները։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երեւանյան երկխոսություններ» միջազգային համաժողովի ժամանակ։
Վարչապետը ելույթի սկզբում համոզմունք է հայտնել, որ տեւական խաղաղությունը Հարավային Կովկասում ոչ միայն հնարավոր, այլեւ իրատեսական է։
Խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների արդյունքից Փաշինյանը նշեց․ «Վերջին շրջանում շատ եք լսել, որ խաղաղության պայմանագրի 80 տոկոսը համաձայնեցված է։ Այդ մասին եղել են հայտարարություններ տարբեր ամբիոններից եւ ուզում եմ գործնականում նշել, թե ինչ է դա նշանակում։ Խաղաղության պայմանագրի այս պահի դրությամբ առկա արդյունքներով 13 հոդվածներ, եւ նախագծի նախաբանը ամբողջությամբ համաձայնեցված են։ Եվս երեք հոդվածներ, որոնք բաղկացած են երկու նախադասությունից, հիմնականում մասնակի համաձայնեցված են, եւ եթե առավել առարկայական լինեմ այդ հոդվածների նախադասություններից մեկը համաձայնեցված է, մյուսը համաձայնեցված չէ»։
Հաջորդիվ Հայաստանի վարչապետը ընդգծեց պայմանագրի համաձայնեցված դրույթները ստորագրելու Երեւանի պատրաստակամության մասին։
«Հայաստանի Հանրապետությունը հաշվի առնելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի դրույթներն ըստ էության ներառում են հարաբերությունների հաստատման միջազգայնորեն ընկալելի բոլոր, կամ առանցքային հիմնարար անկյունաքարային դրույթները մենք առաջարկում ենք վերցնել այս պահին այն ինչը, որ համաձայնեցված է, ստորագրել այն, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումները, մնացած հարցերի վերաբերյալ»,-ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքերով խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածներից մեկում նախատեսված է մեխանիզմ, որը Հայաստանին եւ Ադրբեջանին հնարավորություն կտա համատեղ մեխանիզմի միջոցով շարունակել քննարկումները, առավել եւս, որ համաձայնեցված մասում նախատեսվում է դրույթ դիվանագիտական հարաբերությունների հաստատելու վերաբերյալ։