Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուն, ով այժմ զբաղեցնում է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, հայտարարել է, որ Ուկրաինայի հետ բանակցություններն անհնար են, քանի դեռ Ուկրաինայի զինված ուժերը մնում են ռուսական տարածքում։
«Քանի դեռ մենք նրանց դուրս չենք մղել մեր տարածքից, մենք, բնականաբար, չենք խոսի նրանց հետ բանակցությունների մասին», — ասել է Շոյգուն «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը «ձգտում են եւ ցանկություն ունեին գրավել Կուրսկի ատոմակայանը», որպեսզի «միջուկային ահաբեկչություն իրականացնեն»։
Օգոստոսի 6-ին Կուրսկի մարզում ուկրաինական հարձակման մեկնարկից ի վեր, ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու, ուկրաինական զորքերը վերահսկողության տակ են վերցրել 1300 քառակուսի կիլոմետր ռուսական տարածք եւ 100 բնակավայր՝ գերի վերցնելով մոտ 600 ռուս զինվորականի։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ ավելի վաղ հայտարարել էր, որ Կուրսկի մարզում հարձակողական գործողության շնորհիվ Ուկրաինան կանխել է Խարկովի, Սումիի եւ Չեռնիգովի շրջանների որոշ հատվածների օկուպացիայի սպառնալիքը։