Ռուսաստանի ռազմածովային ուժերը մեկնարկել են «Օվկիանոս-2024» ռազմավարական զորավարժությունները, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Զորավարժությունները տեղի կանցկացվեն Խաղաղ եւ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսների, Միջերկրական, Կասպից եւ Բալթիկ ծովերի ջրերում։
ՌԴ պաշտպանական գերատեսչության հայտարարության համաձայն վարժանքներին կներգրավվեն ավելի քան 90 հազար զինվորականներ, շուրջ 400 ռազմանավ, սուզանավ եւ օժանդակ նավատորմի նավեր, ռազմածովային ավիացիայի եւ օդատիեզերական ուժերի ավելի քան 120 ինքնաթիռ եւ ուղղաթիռ, մոտ 7000 միավոր սպառազինություն, ռազմական եւ հատուկ տեխնիկա։
Բացի այս նախատեսվում է նաեւ ներգրավել օպերատիվ խմբեր ՌԴ ներքին գործերի նախարարությունից, Արտակարգ իրավիճակների նախարարությունից, Անվտանգության դաշնային ծառայությունից, Պահպանության դաշնային ծառայությունից եւ Ազգային գվարդիայի զորքերից, ինչպես նաեւ «ռազմական կոնտինգենտներ Ռուսաստանի Դաշնության օտարերկրյա գործընկեր պետություններից»։
«Օվկիանոս-2024»-ը կտեւի մինչեւ սեպտեմբերի 16-ը ներառյալ։
Զորավարժությունների առաջին փուլի շրջանակներում նախատեսվում է զորախմբերի տեղակայում հրաձգարաններում։
«Երկրորդ փուլում մասնակիցները կներգրավվեն պայմանական թշնամու ռազմավարական կարեւոր օբյեկտների եւ ուժերի ջախջախման «մարտական գործողությունների», չհամալրված ծովափին ծովային դեսանտի ափահանման, ծովային տնտեսական գործունեության եւ ռազմավարական հաղորդակցությունների պաշտպանության մեջ՝ հաշվի առնելով ծովում զինված պայքարի ժամանակակից բնույթը»,-ասվում է հաղորդագրության մեջ։