ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդին այսօր հրապարակած հայտարարության մեջ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ՄԱԿ կլիմայի փոփոխությանը նվիրված COP29 գագաթնաժողովից առաջ ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին եւ այլ քաղբանտարկյալներին։
«COP29-ի նման խոշոր միջազգային կոնֆերանսի հյուրընկալումը պետք է ուղեկցվի այն պարտականություններով եւ ակնկալիքներով, որ ընդունող երկրները թույլ կտան տեղեկատվության եւ խնդիրների անկեղծ քննարկում, ինչը պահանջում է խոսքի եւ հավաքների ազատությունների ճանաչում: Ադրբեջանը այդպես չի արել։ Եթե Ադրբեջանը ձգտում է կայուն հարաբերություններ հաստատել եվրատլանտյան հանրության հետ, ես նախագահ Ալիեւին կոչ եմ անում ազատ արձակել իր կառավարության կողմից անարդարացիորեն բանտարկվածներին, ներառյալ հայ կալանավորներին եւ էկոակտիվիստներին, ովքեր Չովդարի ոսկու հանքավայրի շահագործման վատ աշխատանքային պրակտիկայի եւ շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունների դեմ խաղաղ ցույցեր են իրականացրել»,-ասվում է հայտարարության տեքստում, որը հրապարակվել է Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կայքէջում։
Դրանում նաեւ նշվում է, որ Ադրբեջանն ունի միջազգային հանրության կարեւոր անդամ եւ ԱՄՆ գործընկեր դառնալու պոտենցյալ, որի համար Բաքուն նախ պետք է ազատ արձակի քաղբանտարկայլներին։
«Նոյեմբերին կայանալիք COP29-ին ընդառաջ կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը ցույց տալ իր նվիրվածությունը մարդու իրավունքների պաշտպանությանը` այդ անձանց անհապաղ ազատ արձակելով»,-եզրափակվում է Քարդինի հայտարարությունը: