Եվրոպական երկրներն աջակցել են եւ կշարունակեն աջակցել միջնորդ երկրների գործողություններին պաղեստինյան շարժումների ներկայացուցիչների եւ Իսրայելի իշխանությունների միջեւ անուղղակի բանակցություններում Գազայի հատվածում կայունության հասնելու համար։ Այս մասին Կահիրեում հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք ապահովել ենք եւ կշարունակենք աջակցել Եգիպտոսի, Կատարի եւ Միացյալ Նահանգների միջնորդությանը Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցման եւ պատանդների ազատ արձակման երաշխավորող համաձայնությանը հասնելու հարցում», — ասել է Բորելը:
Նա հավելել է, որ, իր կարծիքով, միջազգային հանրությունը պետք է գործադրի բոլոր ջանքերը՝ լուծելու այն ճգնաժամը, որը կապված է Գազայի բնակչությանը մարդասիրական օգնության անարգել առաքման հետ։
Իր հերթին եգիպտացի նախարարը նշել է, որ Կահիրեն աշխատում է Եվրամիության հետ Գազայում հրադադարի հաստատման համար կոնկրետ միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ։ Աբդել Աթին իր խոսքում պահանջել է «ապահովել Գազայի բնակչության լիարժեք եւ անվերապահ հասանելիությունը անհրաժեշտ մարդասիրական եւ բժշկական օգնությանը»։
Եգիպտոսի արտգործնախարարը նաեւ հանդես է եկել տարածաշրջանային լարվածության կանխարգելման օգտին։
Բորելը Եգիպտոս է ժամանել նախօրեին։ Նույն օրը նրան ընդունել է երկրի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին։ Ակնկալվում է, որ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը կմասնակցի Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) նիստին, որը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին Կահիրեում: Եգիպտոսից հետո ԵՄ գլխավոր դիվանագետը կմեկնի Լիբանան, որտեղ նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ վարչապետի, արտգործնախարարի եւ երկրի խորհրդարանի խոսնակի հետ։