Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին հայտարարել է, որ այս շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ համատեղ այց կկատարի Ուկրաինա։
«Այս շաբաթ մենք կմեկնենք Կիեւ՝ այս տեսակի առաջին համատեղ այցի շրջանակներում։ Մենք ամենամոտ դաշնակիցներն ենք, եւ ես ուրախ եմ, որ միասին կայցելենք Կիեւ՝ ցույց տալու մեր հավատարմությունն Ուկրաինային»,-ասել է Լամմին ելույթ ունենալով Լոնդոնում Բլինկենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Լամմին նաեւ հայտարարել է, որ Իրանը գնալով ավելի շատ է աջակցում Ռուսաստանի Դաշնությանը ընթացիկ պատերազմում։ Նրա կարծիքով՝ նման գործողությունները «խաթարում են համաշխարհային կայունությունը»։
Բլինկենն էլ հայտարարել է, որ Իրանը արդեն բալիստիկ հրթիռներ է մատակարարել Ռուսաստանին։
«Մենք հրապարակայնորեն զգուշացրել ենք Իրանին, մասնավոր կերպով զգուշացրել ենք Իրանին, որ այս քայլը վտանգավոր էսկալացիա կլինի։ Եվ հիմա Ռուսաստանը ստացել է այդ հրթիռները»,- Բլինկենի խոսքը մեջբերում է Washington Post-ը։
Նրա խոսքով՝ երեքշաբթի օրը ԱՄՆ-ն կհայտարարի Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին, այդ թվում Iran Air-ի դեմ՝ որպես պատասխան Ռուսաստանին ռազմական մատակարարումների։