ԱՄՆ Կառավարությունը կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման շեմը՝ խթանելու ժողովրդավարության եւ տնտեսության զարգացումը երկրում։ Այս մասին հայտարարում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակը՝ նշելով, որ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը ստորագրել են Զարգացմանն ուղղված դրամաշնորհային համաձայնագրի թիվ մեկ փոփոխությունը:
«Այս թարմացման շնորհիվ ավելի քան կրկնապատկվում է ԱՄՆ ՄԶԳ-ի համաձայնագրի շրջանակում տրամադրվող գումարի շեմը՝ 120 միլիոն դոլարից դառնալով 250 միլիոն դոլար, ինչպես նաեւ ընդլայնվում են համատեղ աշխատանքի ոլորտները»,-նշված է հայտարարության մեջ:
Ընդլայնված համաձայնագիրը կներառի այնպիսի առանցքային ոլորտներ, ինչպիսիք են աղետների պայմաններում պատրաստվածությունը, կիբեռանվտանգությունը, պարենային եւ էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային համագործակցությունն ու առեւտուրը, ժողովրդավարական գործընթացները եւ տնտեսական ներառական զարգացումը:
«Այն արտահայտում է մեր հաստատակամ հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին դառնալ առավել ներառական, ժողովրդավարական եւ տնտեսապես կայուն երկիր»,-ասվում է հայտարարության տեքստում։
Փաստաթուղթը ԱՄՆ կողմից ստորագրել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, իսկ հայկական կողմից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
ԱՄՆ ՄԶԳ-ն իր աջակցությունը կտրամադրի ըստ Հայաստանի փոփոխվող կարիքների, ներառյալ՝ վերջերս երկրի առջեւ ծառացած մարտահրավերների եւ աշխարհաքաղաքական տեղաշարժերի:
1992 թվականից ի վեր, Միացյալ Նահանգները մոտ 3 միլիարդ դոլար է տրամադրել՝ աջակցելու Հայաստանի զարգացմանը։
«Այս նոր համաձայնագիրը նախորդների հաջողության արդյունքն է, որոնք միտված են եղել ստեղծել մրցունակ մասնավոր հատված, ինչպես նաեւ բարելավել կառավարումն ու առողջապահական ծառայությունները»,-նշվում է հայտարարության մեջ։