Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է եւս մեկ համաժողով անցկացնել, եւ դրա աշխատանքներին հրավիրել Ռուսաստանին։ Այս մասին նա հայտարարել է Բունդեսթագում բյուջեի քննարկման ժամանակ։
«Եվ ես նորից կասեմ, հիմա այն պահն է, հիմա այն ժամանակն է, որտեղ մենք պետք է ուսումնասիրենք, թե ինչ հնարավորություններ կան: Եվ ճիշտ է, երբ Ուկրաինայի նախագահն ասում է, եւ ես նորից կրկնում եմ, որ մեզ անհրաժեշտ է եւս մեկ խաղաղության համաժողով, եւ Ռուսաստանը պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Շոլցը եւ հավելել, որ «հենց այս խնդրն է, որին մենք հիմա պետք է լուծում տանք՝ պարզելու համար, թե ինչ է կատարվում»։
Գերմանիայի կառավարության ղեկավարը իր ելույթում նաեւ ընդգծել է, որ խաղաղությունը, որը հիմնված կլինի Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հարգման վրա, պետք է լինի արդար եւ չպարտադրվի կամ ձեռք բերվի կապիտուլյացիայի միջոցով։
«Եվ մենք շատ բաներ արեցինք դա հնարավոր դարձնելու համար խաղաղության համաժողովների միջոցով, որոնք տեղի ունեցան ամբողջ աշխարհում՝ Դանիայում, Սաուդյան Արաբիայում, Մալթայում, Շվեյցարիայում։ [․․․]Սա չպետք է դադարի, նույնիսկ եթե մենք գիտենք, որ նրանցից ոմանք, ովքեր քվեարկել են աջ պոպուլիստական կուսակցությունների օգտին, դա արել են, քանի որ համաձայն չէին Ուկրաինային մեր աջակցության հետ»,- ամփոփել է կանցլերը՝ խոսելով Գերմանիայի արեւելյան Սաքսոնիայի եւ Թյուրինգիայի վարչական շրջաններում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքների մասին։
Սեպտեմբերի 8-ին Շոլցը ZDF հեռուստատեսությանը տված հարցազրույցում խոսելով ուկրաինական հակամարտությունից կրկին հայտարարել էր, որ եկել է քննարկելու ժամանակը, թե ինչպես հասնել խաղաղության։ Նա այդ ժամանակ կրկին կողմ էր արտահայտվել ճգնաժամի կարգավորման համար նոր հանդիպմանը Ռուսաստանի մասնակցությանը։