Հետաքրքիր պատկեր կստացվի, եթե մեկը փորձի պարզել, թե որքան ֆեյսբուքյան օգտատերեր կան, որոնց էջերի նկարներին կցված է «թուրքն իմ թշնամին է» արտահայտությունը։ Էլ ավելի հետաքրքիր կլինի պատկերը, եթե հայկական միջավայրում թուրքերի թշնամի լինելու վերաբերյալ հարցումներ անցկացվեն։ Թիվը, անկասկած, մեծ է լինելու։
Իսկ ի՞նչ ենք շահում մենք, երբ հայտարարում ենք, թե թուրքը մեր թշնամին է։ Ի՞նչ վնաս է հասցնում թուրքին մեր այդ հայտարարությունը։ Ո՞ւր է տարել մեզ այդ թշնամությունը։ Ո՞ւր է տանում եւ ո՞ւր է տանելու դեռ։ Ի՞նչ է տվել դա թուրքին եւ ի՞նչ՝ մեզ։ Արդյո՞ք այս դեպքում մեր մեջ պարտվածի բարդույթները չեն խոսում։
Դժվար է, իհարկե, հաշտվելը մտքին, որ պարտված ժողովուրդ ենք։ Որ պարտությունից պարտություն ենք քայլել։ Որ մեր երկրի սահմաններն անընդհատ նեղանում ու նեղանում են։ Վիրավորական է, բարդ է։ Բայց չպե՞տք է արդյոք մեզ կանգ առնել ստիպենք ու փորձենք հասկանալ, թե ինչու է այդպես։ Գուցե մեր պարտությունների գլխավոր պատճառը ոչ թե թուրքերն են, այլ մենք ենք։ Գուցե մե՞նք պետք է փոխվենք։ Թուրքը, իհարկե, իր տեղն ունի։ Իսկ ի՞նչ ենք արել մենք, որ իրար հաջորդող պարտությունները չլինեն։
Աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ իրենց հարեւանների հետ խնդիրներ ունեն։ Մենք էլ մեր հարեւանի հետ մեր խնդիրներն ունենք։ Դրանք ցավոտ են ու բարդ են։ Բայց արդյո՞ք լուծումներ են թշնամության ընդգծումը, թշնամության տարփողումն ու թշնամության խորացումը։
Կյանքը ցույց է տալիս, որ այդ ճանապարհը մեզ անհաջողության է տանում։ Այդպես եղավ 1918-1920-ին, երբ անհամեմատ ավելի մեծ տարածքով երկիր ունենալու բոլոր պայմանները կային, բայց թշնամի հայտարարված հարեւանի հետ խոսել ու պայմանավորվել չկարողանալով՝ կորցրինք։ Կորցրինք ունեցածի ուղիղ կեսը։ Նույնը տեղի ունեցավ մեր օրերում, երբ 1990-ականների առաջին տարիներին հաջողել էինք, երբ տալիք ու ստանալիք ունեինք, եւ մնում էր խոսելն ու պայմանավորվելը, քայլ չարեցինք, հանգեցինք պատերազմի, իսկ պատերազմը կրկին նրանց հաջողություն բերեց։ Վաղն էլ կարող է այդպես լինել։ Քանի ապագային միտված խնդիրներ չենք առաջադրում, քանի մնացել ենք անցյալում, անցյալի խնդիրներն ենք լուծում ու անցյալի հաշիվներով ենք տարված, այդպես կլինի։
Մեր գլխավոր գործը պետք է լինի Հայաստանի Հանրապետություն կոչվող այս փոքրիկ հողակտորի վրա մնալն ու ապրելը։ Հաստատուն ու հարատեւ ապրելը։ Մեր պապերի ու մեր սխալների հետեւանքով այսքանն է մեզ մնացել։ Ավելին չունենք։ Չունենք նաեւ եղածը կորցնելու իրավունք։ Մեզ խաղաղություն է պետք։ Խաղաղ տարածաշրջան ու բաց սահմաններ են պետք։ Ճանապարհներ պետք է որոնենք ու լուծումներ պետք է գտնենք։ Այսօր՝ այսքան կորուստներից ու այսքան տապալումներից հետո, լուծումներ գտնելը, իհարկե, շատ ավելի բարդ է, քան հնարավոր էր մինչեւ 2020-ի պարտությունը։ Ժամանակ ենք կորցրել ու հնարավորություններ։ Կորցրել ենք մեր մեղքով, մեր սխալների հետեւանքով։ Մեզ կարող ուժեր են պետք, իսկ ասպարեզում, ցավոք, անկարողներն են։
Անկախության հռչակումից հետո, երբ մարտադաշտում հաջողություններ էինք գրանցել, երբ բոլորովին այլ իրավիճակ էր, ու մեզ հետ հաշվի էին նստում, շատ բան կարելի էր փոխել։ Բայց հաղթանակի արժեքը չհասկացանք։ Չգնահատեցինք այն։ Հաղթողին վայել վարք չդրսեւորեցինք։ Հաղթողի բարձունքից զրույցի գնալ, թշնամության վերացման ճանապարհ հարթել չկարողացանք։ Մնացինք պարտվածի հոգեվիճակում։
Սառը դատողությամբ մեր շուրջն ու քարտեզին չնայեցինք։ Դե, մեզ համար, եթե քարտեզ, ապա Տիգրան Մեծի ժամանակների։ Կամ՝ մեր գծած՝ Սեւրի։ Չգիտակցեցինք, որ այս տարածաշրջանում ապրելու, ամուր ու զարգացող երկիր կառուցելու համար մեզ ճանապարհներ են պետք, որոնք չեն լինի, եթե հենց ա՛յս հարեւանների հետ չզրուցենք, հենց ա՛յս հարեւանների հետ առկա խնդիրները չլուծենք։ Չմտածեցինք այն ժամանակ ու հիմա էլ չենք մտածում, որ թուրքն իմ թշնամին է հայտարարելով՝ փակել ու փակում ենք զրույցի ճանապարհը, լուծված խնդիրներ ունենալու հնարավորությունն ենք մերժել ու մերժում։
Այնպես որ, մեր թշնամին բոլորովին էլ թուրքը չէ, մեր թշնամին մենք ենք։ Մեր անհեռատեսությունն է մեր թշնամին ու մեր կուրությունը։ Նույն սխալները կրկնելու ու սխալներից դասեր չքաղելու հատկությունն է մեր թշնամին։
Ասում են, իբր, Ստեփան Զորյանը մահվանից առաջ մեր ժողովրդին «պրիմիտիվ ազգ» է անվանել։ Այդ պրիմիտիվությունն է մեր թշնամին։
Այն վիճակը, որ ունենք այսօր, միայն ու միայն մեր մեղքով է։ Այլ մեղավորներ չկան։ Մեր հակառակորդները մեր սխալներից են օգտվել, մեր կուրությունից ու մեր անկարողությունից են օգտվել։ Մենք օգնել ենք նրանց, որ նրանք հաջողեն։ Այսօր էլ ենք օգնում։
Եվ մեծ մոլորություն է, երբ պատերին ու ձեր էջերում գրում եք, թե թուրքն է ձեր թշնամին։
Ձեր թշնամին դո՛ւք եք։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։