Սոցիական մեդիայում տեսանյութը պատմում է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի Երեւանում օրերս բացված գրասենյակի մասին: Թեմի առաջնորդը պատմում է նպատակից, գրասենյակի ղեկավարը՝ խոսում համահավաք ինքնության պահպանման անհրաժեշտությունից:
Կադրերում ծանոթ դեմքեր են՝ քաղաքական ուժերի առաջնորդներ, գործող Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության նախկին պատասխանատուներ, փորձագետներ, լրագրողներ: Գրասենյակը Երեւանի փոքր կենտրոնում է՝ Բաղրամյան պողոտայում: Մի քանի ծանոթի հարցնում եմ՝ այնտեղ գնո՞ւմ են:
Պատասխանը հիմնականում բացասական է, բայց գրեթե բոլորն ասում են, որ տարածքը Արցախի նախկին պաշտոնյայի սեփականն է: Բռնատեղահանված արցախցիների օրվա թեման հիմնականում դա է. ով է ժամանակին «գլխի ճարը տեսել» եւ Երեւանում կամ արբանյակ-քաղաքներում բնակարանի, տարածքի կամ «օբյեկտի» տեր դարձել եւ հիմա «հանգիստ ապրում է»:
Որքանո՞վ է նախկին պաշտոնյան, զինվորականը, ոստիկանության, ԱԱԾ աշխատակիցը, դատախազը կամ գործարարը «հանգիստ ապրում»՝ դժվար է ասել: Բայց որ բռնատեղահանված բնակչությունը սոցիալապես միասնական չէ, փաստ է, որի հետ պետք է կարողանալ հաշտվել: Թեկուզ այն հիմնավորմամբ, որ Արցախում էլ այդպես էր, եւ բոլորիս միավորում էր միայն Արցախը:
Բռնագաղթը հարյուր հիսուն հազար մարդու բաժանել է սոցիալ-քաղաքական խավերի եւ «թիմերի»: Մեծ մասը ողբերգության պատասխանատու է ճանաչում Հայաստանի իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին: Սոցցանցային գրառումներից դատելով՝ վերջին ամիսներին աճել է նրանց թիվը, ովքեր հավասարապես քննադատում են Արցախի վերջին նախագահին, Ազգային ժողովին:
Ֆեյսբուքը պատմում է արցախյան մի գյուղից բռնագաղթվածների հանդիպման մասին: Օգտատերն ինձ ծանոթ է ուսանողության տարիներից: Ոչ մի բառ չի գրել, հանդիպման վայրը չի բացահայտել, միայն շուրջ հիսուն լուսանկար է հրապարակել, որ ավելի խոսուն են, քան գեղարվեստական գործը կլիներ կամ հեռուստատեսային հաղորդումը:
Պատկերված մարդկանցից շատերին ճանաչում եմ, այնտեղ նույնիսկ տեսնում եմ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի հայ գրականության ամբիոնի իմ դասախոսին: Կարող էի կապվել եւ հարցնել, բայց գերադասեցի լուսանկարներով փորձել հասկանալ, թե երկու հարյուր համագյուղացի երբ ինչ-որ հանգստյան գոտու կոկիկ տաղավարներում խումբ-խումբ նստել են, ի՞նչ են խոսել:
Տեսնում եմ խոսափողով մարդկանց, ելույթները կարելի է պատկերացնել: Բայց դա արարողակարգ է: Կարեւորը Հայաստանի տարբեր բնակավայրերից մի «կտուրի» տակ հավաքված մարդկանց ներքին ապրումներն են, համոզմունքը, հեռանկարի նրանց պատկերացումը:
Եթե հնարավորություն ստեղծվի, նրանք համահավաք՝ որպես մի համայնք, ապրելու ցանկություն կունենա՞ն: Մեկը Երեւանում բնակարան ունի, մյուսը հանդիպման է եկել սահմանային Խաչիկ գյուղից, երրորդը՝ երեւանամերձ Բյուրեղավանից, չորրորդը՝ Էջմիածնից…
Բռնագաղթից մեկ տարի է անցել, գյուղը ցրվել է: Արցախի բոլոր համայնքներն են Հայաստանով մեկ ցրված՝ Վրաստանի հետ սահմանից մինչեւ Մեղրի, Գորիսից՝ Գյումրի: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ մեկ տարում Հայաստանից տասը հազար արցախցի է հեռացել:
Եվ պետք է խոստովանել՝ չլիներ Ուկրաինայում պատերազմը, Ռուսաստանում անորոշությունը, արտագաղթն ավելի մեծ չափեր կունենար: Գյուղական հավաքի լուսանկարներում ե՛ւ թախիծ կա, ե՛ւ զուսպ ուրախություն, բայց ճնշող է տպավորությունը, որ մարդիկ պարզապես իրավիճակին փորձում են հաշտվել:
Եվ, կարծես, մեկը մյուսին հարցնելիս լինի.
— Որտեղի՞ց ես գալիս եւ ո՞ւր ես գնում:
Իսկ հստակ պատասխան չկա: Գյուղական հավաքը «թոթվում է ուսերը»: Չգիտի, չի կողմնորոշվել:
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի երեւանյան գրասենյակում այդ հարցը հնչեցնող կա՞: Եվ ի՞նչ պատասխան են այնտեղ քննարկում:
Վաղը, գուցե, գյուղական հավաք չկազմակերպվի: Ֆիզիկական բաժանումը գուցե տանի հոգեւոր օտարմա՞ն…
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։