Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինին։ Սրա մասին տեղեկացնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Արսենյանն իր խոսքում կարեւորել է Հայաստանի եւ Ռուսաստանի ավանդաբար բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարեւորությունը՝ ի շահ երկու երկրների եւ ժողովուրդների։ Նա նաեւ հույս է հայտնել, որ դեսպանությունն իր առաքելության իրականացման ընթացքում կշարունակի վայելել Ռուսաստանի իշխանությունների բարեհաճությունը եւ աջակցությունը։
Հայաստանի նորանշանակ դեսպանը եւ Ռուսաստանի փոխարտգործնախարարը քննարկել են նաեւ երկկողմ օրակարգի առաջնահերթություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձել առաջիկա բարձրաստիճան փոխայցերին։
Արսենյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել նախագահի՝ օգոստոսի 14-ի հրամանագրով, իսկ օրեր առաջ վայր էր դրել պատգամավորական մանդատը։