Ռուսական բանակը վերջին երկու օրվա ընթացքում լայնածավալ հարձակումներ է սկսել Կուրսկի մարզի սահմանամերձ շրջաններում՝ նպատակ ունենալով դուրս մղելու Ուկրաինայի զինված ուժերին դեռ օգոստոսի սկզբից գրաված բնակավայրերից։
Ռազմական գործողությունները լուսաբանող եւ ՌԴ պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած տելեգրամյան ալիքները հայտնում են, որ ռուսական բանակը (հիմնականում Խաղաղօվկիանոսյան նավատորմի 155-րդ ծովային հետեւակի բրիգադի ուժերով) գրոհել է սահմանի երկայնքով եւ հասել Ուկրաինայի Զինված ուժերի խոր թիկունքում գտնվող Կուրսկի մարզի Օբուխովկա եւ Գորդեեւկա բնակավայրեր։
«Рыбарь» տելեգրամյան ալիքն էլ նշում է, որ Գլուշկովսկի եւ Կորենեւսկի շրջանների սահմանին 155-րդ ծովային հետեւակի բրիգադի եւ 51-րդ գվարդիական պարաշյուտային գնդի ստորաբաժանումները հարձակման են անցել Գորդեեւկա-Սնագոստ գծում:
«Mash» ալիքն էլ իր հերթին պնդում է, որ ռուսական զորքերը «Ուկրաինական զինված ուժերին դուրս են մղել Գորդեեւկա գյուղից» եւ «հարձակման են անցել Ապանասովկայի եւ Մարտինովկայի շրջաններում»։
Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած OSINT DeepState նախագիծը նույնպես հաղորդում է «Կուրսկի մարզում գործող Ուկրաինայի ԶՈՒ խմբավորման ձախ թեւում իրավիճակի վատթարացման» եւ Սնագոստի բնակավայրի ուղղությամբ հարձակման մասին:
Կուրսկում ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաեւ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW)։
Նոր վերլուծության մեջ ISW-ի փորձագետները նշում են, որ դեռ վաղ է որոշակի եզրակացություններ անել այս գործողության առաջընթացի վերաբերյալ, սակայն կարծում են, որ «ռուսական ուժերը ամենայն հավանականությամբ մտադիր են մասնատել Կուրսկի մարզում ձեւավորված ուկրաինական սեպը, որից հետո նոր անցնեն առավել կազմակերպված ու տեխնիկապես հագեցված հակագրոհի՝ ուկրաինական ուժերին ռուսական տարածքից դուրս մղելու համար»։
Ինստիտուտի վերլուծական տեղեկագրում նշվում է, որ սեպտեմբերի 11-ի տվյալներով՝ ռուս զինվորականները կարողացել են որոշ դիրքեր գրավել Ժուրավլի գյուղից դեպի արեւելք (Կորենեւո գյուղի մոտ): Բացի այդ, դատելով հրապարակված կադրերից, սեպտեմբերի 10-ին ՌԴ 106-րդ օդադեսանտային դիվիզիայի ստորաբաժանումներին հաջողվել է առաջ շարժվել Սնագոստ գյուղից դեպի հյուսիս եւ հյուսիս-արեւելք։
Փորձագետները, հղում կատարելով ռուսական աղբյուրներին, հայտնում են, որ բանակին հաջողվել է վերականգնել վերահսկողությունը Կուրսկի մարզի Կրասնոկտյաբրսկոյե, Կոմարովկա, Վիշնեւկա, Ապանասովկա, Դեսյատոյե Օկտյաբր, Օբուխովկա, Բյախովո, Վնեզապնոյե, Գորդեեւկա եւ Օլգովկա բնակավայրերի վրա։
Ի պատասխան՝ ուկրաինական զորքերը նոր հարձակումներ են սկսել Սնագոստից արեւմուտք, նշվում է ISW-ի փորձագետների տեղեկագրի մեջ։