Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն ադրբեջանական Real TV-ի եթերում հայտարարել է, որ Բաքուն բանակցություններ է վարում Իրանի տարածքով հաղորդակցության ուղիների բացման համար՝ որպես այլընտրանք Հայաստանի Սյունիքի տարածքով անցնող ճանապարհներին։
Հաջիզադեն նախ պնդել է, որ Հայաստանը խեղաթյուրում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի դրույթները եւ նշել, որ դա ափսոսանք է առաջացնում Բաքվում։
«Եթե Հայաստանը պնդում է իր ներկայիս դիրքորոշումը, ապա Ադրբեջանն այլընտրանքային տարբերակներ ունի։ Դրանցից մեկն էլ Իրանի տարածքով կապի անցկացումն է, այս առումով համապատասխան աշխատանքներ են տարվում։ Եթե Հայաստանը շարունակում է ինքնամեկուսացման քաղաքականությունը, ապա դա իր ընտրությունն է»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։
Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապը ապահովելու եւ երաշխավորելու դրա անվտանգությունն այնպես, ինչպես գրված է եռակողմ հայտարարության 9-րդ կետում: