Հայաստանը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ունի անհետացած զենքի մեծ քանակ։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք 44-օրյա պատերազմից հետո ունենք անհետացած զենքի մեծ քանակ, եւ մենք մի քանի անգամ այդ թեման քննարկել ենք։ Նաեւ Անվտանգության խորհրդում է այդ հարցը քննարկվել։ Ես նաեւ ներքին գործերի նախարարին այդ թեմայով տվել եմ հանձնարարականներ՝ ապօրինի զենք-զինամթերքի փնտրտուքի հետ կապված։ Մեր մեթոդաբանությունները պետք է որոշակի վերանայենք, որովհետեւ այն մեթոդաբանությամբ, որով աշխատել ենք, այլեւ չեն համապատասխանում նոր մարտահրավերներին։ Եվ պետք է ասեմ, որ այդ նոր մեթոդների կիրառման հարցում ոչ մեծ, բայց դրական արդյունքներ կան։ Դրանցով կարող ենք ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերել»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը նաեւ նշեց, որ երկրում շատացել է օրինական զենքի քանակը։ Այս համատեքստում վարչապետը կարեւորել է ուսումնասիրության անցկացման անհրաժեշտությունը՝ կապված առավել ծանր կամ ծանր հանցագործությունների դեպքում օրինական զենքի կիրառման դեպքերի թիվը ճշգրտելու հետ։