Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Սրա մասին նա հայտարարել է «Ղրիմյան հարթակ» գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։
«Մենք անկեղծորեն հուսով ենք, որ պատերազմը կավարտվի արդար եւ տեւական խաղաղությամբ՝ հիմնված Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ անկախության վրա»,- ասված է ուղերձում, որը տարածել է Էրդողանի վարչակազմը։
Թուրքիայի նախագահը նաեւ հայտարարել է, որ Անկարան շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը եւ Ղրիմն իր կազմ վերադարձնելու անհրաժեշտությանը։
«Ղրիմի վերադարձն Ուկրաինային միջազգային իրավունքի պահանջն է»,- ընդգծել է Էրդողանը։
Անկարան նախկինում էլ բազմիցս հայտարարել է, որ 2014 թվականի բռնակցման գործընթացից ու դրան հաջորդած հանրաքվեից հետո Ղրիմը Ռուսաստանի կազմում ընդգրկելը անօրինական է համարում։