Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրազիլական Metropoles պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ Բրազիլիայի եւ Չինաստանի կառավարությունների առաջարկած խաղաղ ծրագիրն ավելի համահունչ է Ռուսաստանի շահերին եւ անընդունելի է մնում Կիեւի համար։ Նա նախաձեռնությունը որակել է որպես «կործանարար»:
«Ցավոք, ես կարծում եմ, որ [բրազիլա-չինական նախաձեռնությունները] ավելի ռուսամետ են», — ասել է Զելենսկին եւ հավելել, որ այդ մասին անկեղծորեն ասել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու դա Սիլվային (Լուլա)։
Չինաստանն ու Բրազիլիան Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման իրենց առաջարկները հրապարակել էին այս տարվա մայիսի վերջին։ Նրանք հայտարարել են, որ հակամարտությունը դադարեցնելու միակ ճանապարհը բոլոր կողմերի հավասար մասնակցությամբ խաղաղ բանակցությունների անցկացումն է։
Այս շաբաթ էլ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Մոսկվան ողջունում է Բրազիլիայի եւ Չինաստանի նախաձեռնությունը։
«Կարծում եմ՝ այս նախաձեռնությունն ավելի ու ավելի մեծ աջակցություն է վայելում գլոբալ հարավում», — ասել էր Ռյաբկովը RT-ին։
Զելենսկու խոսքով՝ այս «խաղաղության ծրագիրը» համաձայնեցված չի եղել Ուկրաինայի հետ, եւ Կիեւը չի կարող որեւէ փոխզիջման գնալ Ռուսաստանի հետ իր տարածքների հարցում։
«Նա [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը] ներխուժել, մարդկանց է սպանել, տարածքներ գրավել, իսկ հիմա Լուլան ասում է՝ «թող խոսեն»։ Ես պարզապես կարող էի խոսել Լուլայի հետ: Որովհետեւ Լուլան իմ թշնամին չէ»,- ասել է Զելենսկին եւ հավելել, «Ես պետք է ուժեղ լինեմ, որ նստեմ եւ խոսեմ ինչ-որ բանի մասին: Նա պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի ցույց տա, որ ցանկանում է, որ պատերազմն ավարտվի։ Չի կարելի ուղղակի ասել՝ «մենք պետք է քայլեր ձեռնարկենք միմյանց ընդառաջ»։