ԵՄ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում եւ համատեղ ջանքեր գործադրել համապարփակ կարգավորման հասնելու համար։ Այս մասին Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը։
«Մերձավոր Արեւելքում խաղաղությունն առաջին հերթին ենթադրում է պաղեստինյան խնդրի լուծում, իսկ դա նշանակում է պաղեստինցիների համար սեփական պետության ձեռքբերում»,- ընդգծել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
Բորելը նաեւ դատապարտել է Գազայում եւ Հորդանան գետի արեւմտյան ափին շարունակվող բռնությունները։ «Այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, սարսափելի ողբերգություն է, եւ մենք դատապարտում ենք խաղաղ բնակիչների դաժան սպանությունները»,- ընդգծել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը «աշխատում է բոլոր ուղղություններով՝ հրադադարի հասնելու համար, սակայն չունի կախարդական փայտիկ»։
Բորելի գնահատմամբ՝ տարածաշրջանում խոշոր պատերազմն անխուսափելի չէ։ «Մենք հիմնվում ենք նման սցենարից խուսափելու կողմերի ցանկության վրա եւ կոչ ենք անում բոլորին շարժվել այս ուղղությամբ»,- ասել է ԵՄ գլխավոր դիվանագետը։
Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատարը Բեյրութ է ժամանել Կահիրեից եւ բանակցություններ է վարել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի եւ արտգործնախարարի պաշտոնակատար Աբդալլահ Բու Հաբիբի հետ։ Բացի այդ՝ Բորելը հանդիպել է լիբանանյան բանակի հրամանատար Ժոզեֆ Աունի հետ եւ այցելել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայան, որը Ռաս ալ-Նակուրա հրվանդանում է:
Նա մտահոգություն է հայտնել լիբանանա-իսրայելական սահմանին իրադրության վատթարացման համար եւ կոչ է արել բոլոր կողմերին խստորեն կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձեւը, որը 2006 թվականին դադարեցրել է հակամարտությունը Իսրայելի եւ շիայական «Հեզբոլլահ» շարժման միջեւ: