Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կարծում է, որ Հայաստանի օրենսդրությամբ Ադրբեջանի դեմ շարունակվող տարածքային պահանջները, ինչպես նաեւ Հայաստանի արագ ռազմականացումը տարածաշրջանում կայուն խաղաղության կառուցման գործընթացին սպառնացող հիմնական գործոններն են։
Նման միտք Բայրամովը հայտնել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարար Քսավյե Բեթելիի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նախարարների զրույցը ծավալվել է երկու երկրների համագործակցության, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության իրավիճակի շուրջ։
Թե՛ օրեր առաջ «Երեւանյան երկխոսություն» միջազգային համաժողովի եւ թե՛ Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Երեւանը պատրաստակամ է համաձայնեցված հոդվածներով խաղաղության պայմանագիրը ստորագրել, իսկ չհամաձայնեցված կետերի քննարկումները թողնել հետագային։
Բաքուն Փաշինյանի առաջարկը մերժել է եւ շարունակում է հայտարարել, որ խաղաղության պայմանագրի հիմնական խոչընդոտը Հայաստանի սահմանադրությունն է։