ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հրաժարվել է իր դեմոկրատ մրցակցի՝ գործող փոխնախագահ Քամալա Հարիսի հետ կրկին բանավիճելուց։
«Երբ բռնցքամարտիկը պարտվում է մենամարտում, նրա առաջին խոսքերն են․ «Ես ռեւանշ եմ ուզում»: Հարցումները հստակ ցույց են տալիս, որ ես հաղթել եմ արմատական ձախ դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի դեմ բանավեճում, եւ նա անմիջապես պահանջել է մեկ այլ բանավեճ: […] Երրորդ բանավեճ չի՛ լինելու»,- գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում։
ԱՄՆ նախկին նախագահը Հարիսին եւ գործող նախագահ Ջո Բայդենին մեղադրել է «երկիրը քանդելու» համար, ինչի արդյունքում, ըստ իրեն, «միլիոնավոր չվերահսկվող հանցագործ եւ հոգեկան հիվանդ մարդիկ ներխուժել են ԱՄՆ առանց վերահսկողության», իսկ գնաճը շարունակում է սնանկացնել միջին խավին։
Թրամփը նաեւ նշել է, որ «Հարիսը չի ներկայացել Fox-ի բանավեճին եւ հրաժարվել է NBC-ից եւ CBS-ից»: Ըստ հանրապետական թեկնածուի՝ փոխնախագահը պետք է «կենտրոնանա այն ամենի վրա, ինչ նա պետք է աներ վերջին գրեթե չորս տարիների ընթացքում»:
Հարիսի եւ Թրամփի բանավեճը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին։ CNN-ի հարցման մասնակիցներն ու վերլուծաբանները, այդ թվում՝ հանրապետականներին հավատարիմները, հաղթող են համարել դեմոկրատ թեկնածուին։ Ըստ The New York Times-ի՝ Թրամփի կողմնակիցները նույնպես կարծում են, որ նա պարտվել է։