Ռուսաստանն է սկսել պատերազմն Ուկրաինայում, եւ կարող է դրան վերջ տալ հենց հիմա։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե Մոսկվան Ռուսաստանի դեմ արեւմտյան հրթիռային հարձակումները կդիտի որպես լուրջ էսկալացիա։
«Ռուսաստանն է սկսել այս հակամարտությունը։ Ռուսաստանն է անօրինական ներխուժել է Ուկրաինա։ Ռուսաստանը կարող է անմիջապես վերջ տալ այս հակամարտությանը։ Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք, եւ պարզ է, որ մենք լիովին պաշտպանում ենք Ուկրաինայի ինքնապաշտպանության իրավունքը՝ տրամադրելով մարզումների հնարավորություններ։ Բայց մենք չենք ձգտում հակամարտության Ռուսաստանի հետ, դա չի մտնում մեր մտադրություններից նույնիսկ ամենաքչի մեջ»,-մեկնաբանել է Սթարմերը՝ Վաշինգտոն մեկնող ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Հինգշաբթի օրը ՌԴ նախագահը հայտարարել էր, որ եթե որոշում կայացվի արեւմտյան զենքով ՌԴ տարածքին հարվածելու վերաբերյալ, ապա դա կնշանակի ՆԱՏՕ-ի երկրների անմիջական մասնակցությունը պատերազմին։
«Ուղղակի մասնակցությունը էապես փոխում է հակամարտության բուն էությունը, բուն բնույթը։ Դա կնշանակի, որ ՆԱՏՕ-ի երկրները, ԱՄՆ-ն, եվրոպական երկրները պատերազմում են Ռուսաստանի դեմ։ Եվ եթե դա այդպես է, ապա […] մենք համապատասխան որոշումներ կկայացնենք»,-ասել էր Պուտինը։
BBC-ի փոխանցմամբ Մեծ Բրիտանիայի վարչապետը լրագրողների հետ զրույցում նաեւ բավականին զուսպ մեկնաբանություն է տվել Ռուսաստանի տարածքի խորքում հեռահար զենքով հարվածների սահմանափակումները վերացնելու հեռանկարի շուրջ, սակայն չի հերքել, որ այդ հարցը օրակարգային է։
«Մենք Միացյալ Նահանգների հետ առանցքային դաշնակիցներ ենք եւ շատ սերտորեն կապված ենք, հատկապես այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Ուկրաինան եւ Մերձավոր Արեւելքը: Առաջիկա մի քանի շաբաթների եւ ամիսների ընթացքում, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան որոշ իսկապես կարեւոր զարգացումներ ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Մերձավոր Արեւելքում, եւ, հետեւաբար, պետք է մի շարք մարտավարական որոշումներ կայացվեն: Ես շատ եմ ցանկանում, որ այս մարտավարական որոշումները կայացվեն ռազմավարական համատեքստում»,-ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։
Նշենք, որ Սթարմերը Վաշինգտոն է ուղեւորվել այսօր, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։
Times-ի փոխանցմամբ Սպիտակ տանը սպասվող հանդիպման ժամանակ Սթարմերը մտադիր է համոզել Ջո Բայդենին թույլ տալ Ուկրաինային օգտագործել Մեծ Բրիտանիայի կողմից մատակարարված Storm Shadow հրթիռները՝ Ռուսաստանի տարածքի խորքում տեղակայված թիրախները խոցելու համար: