Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «ոչ ճիշտ կանխատեսում է» որակել Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության այն նախազգուշացումը, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը պատրաստվում է միջամտելու հոկտեմբերի 26-ին սպասվող Վրաստանի խորհրդարանական ընտրություններին։
«Ըստ ռուսական հետախուզության, օրինակ, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը կհրապարակի նախապես պատրաստված եզրակացություն ընտրությունները ոչ մրցակցային միջավայրում անցկացնելու վերաբերյալ։ Չեմ կարծում, որ դա ճիշտ կանխատեսում է»,- ասել է Կոբախիձեն։
Նշենք, որ ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունը սեպտեմբերի 11-ին տեղեկություն էր տարածել, թե իբր Միացյալ Նահանգները համաձայնել է համագործակցել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի հետ Վրաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին միջամտելու համար։
Ըստ ռուսական հետախուզության հայտարարության՝ նախատեսվում է, որ ԵԱՀԿ կաույցը քվեարկությունից 10-20 օր առաջ կհրապարակի միջանկյալ զեկույց՝ եզրակացնելով, որ երկրում չկան պայմաններ ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար։ Իսկ արդեն ընտրությունների առաջին արդյունքների հրապարակումից հետո եզրակացություն կներկայացվի ընտրական գործընթացի ժողովրդավարության նորմերին չհամապատասխանելու վերաբերյալ։
Կոբախիձեն նաեւ պարզաբանել է, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի կողմից նման եզրակացություն պատրաստելու համար նախ եւ առաջ ինչ որ հիմք է պետք։ Օրինակ՝ ինչ-որ կուսակցության թույլ չեն տվել նախընտրական գովազդային վահանակ տեղադրել, ինչ-որ մեկին արգելել են գրանցվել ընտրություններին եւ այլն։
Ըստ վարչապետի՝ կուսակցություններն ունեն գործելու լիակատար ազատություն, եւ նման պայմաններում կազմակերպությունը չի կարողանա զեկույց հրապարակել ընտրությունների անմրցունակության մասին։
Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ներկայիս նախընտրական քարոզարշավը «անցնում է Արեւմուտքի աննախադեպ արտաքին միջամտության ֆոնին»։ Կոբախիձեն նշել է, որ այս միջամտության պատճառն այն է, որ Վրաստանը հրաժարվել է Ռուսաստանի հետ առճակատման «երկրորդ ճակատ» բացելուց։