Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ուրբաթ այցելել է Փհենյան, որտեղ նրան ընդունել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Այս մասին ասվում է ՌԴ Անվտանգության խորհրդի հաղորդագրության մեջ։
«Սեպտեմբերի 13-ին Փհենյանում էր ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Ս.Շոյգուի գլխավորած պատվիրակությունը։ Մեր երկրների միջեւ շարունակվող ռազմավարական երկխոսության շրջանակներում մեր կորեացի գործընկերների հետ տեղի ունեցավ մտքերի բովանդակային փոխանակում երկկողմ եւ միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ։ Շոյգուին ընդունել է ԿԺԴՀ-ի պետական գործերի նախագահ, ընկեր Կիմ Չեն Ընը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հանդիպումներն անցել են չափազանց վստահելի եւ բարեկամական մթնոլորտում, որը կնպաստի հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Փհենյան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։
Հիշեցնենք, որ Պուտին այցի ժամանակ ստորագրվել էր Ռուսաստանի Դաշնության եւ Կորեյաի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության միջեւ ստորագրվել էր Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր։
Փաստաթղթի չորրորդ կետով սահմանվում էր ռազմական հարձակման ենթարկվելու դեպքում միմյանց ռազական փոխօգնություն տրամադրելու մասը։
«Եթե Կողմերից մեկը ենթարկվի զինված հարձակման որեւէ պետության կամ մի քանի պետությունների կողմից եւ այդպիսով հայտնվի պատերազմական իրավիճակում, ապա մյուս Կողմն անհապաղ ռազմական եւ այլ օգնություն պետք է տրամադրի իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցներով` ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին եւ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան»,-ասվում է պայմանագրի այդ հոդվածում։