Եվրամիությունը դիտարկում է Ռուսաստանին հրթիռների մատակարարման պատճառով Իրանի ավիացիոն արդյունաբերության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Սրա մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով ղեկավար բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը համայնքի անունից հրապարակված հայտարարության մեջ.
«ԵՄ-ն կպատասխանի անհապաղ եւ համաձայնեցված միջազգային գործընկերների հետ, ներառյալ Իրանի նկատմամբ նոր եւ նշանակալի սահմանափակող միջոցների կիրառումը եւ պատժամիջոցները ֆիզիկական անձանց ու կազմակերպությունների նկատմամբ, որոնք ներգրավված են Իրանի բալիստիկ հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի ծրագրերում։ Քննարկվում է նաեւ իրանական ավիացիոն արդյունաբերության նկատմամբ սահմանափակող միջոցներ կիրառելու հարցը»,- ասվում է հայտարարության տեքստում:
Ըստ Բորելի՝ Թեհրանի կողմից հրթիռների փոխանցումը Մոսկվային «ուղղակի սպառնալիք է եվրոպական անվտանգության համար»:
«Ռուսաստանի պատերազմին Իրանի մասնակցության հարցում Եվրամիության դիրքորոշումը միշտ էլ հստակ է եղել։ Եվրամիությունը բազմիցս զգուշացրել է Իրանին Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ փոխանցելու մասով»,- նշվում է տեքստում։
Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին չորեքշաբթի հայտարարել էր, որ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռ չի մատակարարել, եւ որ ԱՄՆ-ն ու Եվրոպան հիմնվում են կեղծ տեղեկատվության վրա։