Ռուսաստանի կողմից գերի վերցված 49 զինվորական եւ քաղաքացիական անձինք վերադարձել են Ուկրաինա, տելեգրամում գրել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրանց թվում են Ուկրաինայի զինված ուժերի, Ազգային գվարդիայի, Ազգային ոստիկանության, Պետական սահմանապահ ծառայության զինվորներ, ինչպես նաեւ Ղրիմի թաթար Լենյա Ումերովան, որը Ռուսաստանում մեղադրվում էր լրտեսության համար, նշել է Զելենսկին։
2023 թվականի դեկտեմբերին 25-ամյա Լենյա Ումերովան Կիեւից Ղրիմ էր մեկնել հիվանդ հորը այցելելու համար։ Նա ձերբակալվել էր Վրաստանի հետ սահմանին գտնվող «Վերին Լարսի» անցակետում եւ ենթարկվել վարչական կալանքի, որը մի քանի անգամ երկարացվել էր, իսկ մայիսին ձերբակալվել է լրտեսության մեղադրանքով։ Նրա դատավճռի մասին տեղեկություն չի եղել։ Չի նշվում, թե ինչ պայմաններում է նա ազատ արձակվել։
Տուն վերադարձած Ուկրաինայի քաղաքացիների թվում են նաեւ Մարիուպոլի «Ազովստալի» պաշտպանությանը մասնակցած մարտիկներ եւ Ուկրաինայի հերոսի կոչմանն արժանացած ռազմական բժիշկ Վիկտոր Իվչուկը։
Ռուսաստանը չի հայտնել փոխանակման մասին: Հայտնի չէ նաեւ ռուս գերիների վերադարձի մասին։