Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության (Հյուսիսային Կորեայի) պետական KCNA լրատվական գործակալությունը (Կորեայի կենտրոնական լրատվական գործակալություն) հայտնել է, որ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընն այցելել է Միջուկային զենքի ինստիտուտ, որի ընթացքում ծանոթացել է «միջուկային լիցքերի արտադրության վիճակին եւ միջուկային նյութերի ներկայիս արտադրությանը»։
Ըստ հաղորդագրության՝ նա նաեւ «շրջել է ուրանի հարստացման բազայի կառավարման սենյակում» եւ ծանոթացել արտադրական գործընթացների կառավարմանը։
KCNA-ն հրապարակել է նաեւ Կիմ Չեն Ընի այցի լուսանկարները։
Reuters-ը նշում է, որ Հյուսիսային Կորեան առաջին անգամ է ցուցադրում ցենտրիֆուգների պատկերները, որոնք վառելիք են արտադրում միջուկային ռումբերի համար։
«Լուսանկարներում երեւում է, որ Կիմ Չեն Ընը քայլում է մետաղական ցենտրիֆուգների՝ ուրանի հարստացման համար նախատեսված սարքերի երկար շարքերի միջով: Տեղեկագրում չի նշվում, թե երբ է տեղի ունեցել այցը, կամ որտեղ է հաստատությունը»,-գրում է Reuters-ը:
CNN-ի հետ զրուցած փորձագետներն էլ նշում են, որ Կիմ Չեն Ընի պատկերները ատոմակայանում «ընդգծում են Հյուսիսային Կորեայի աճող վստահությունը միջուկային տերության իր կարգավիճակի նկատմամբ»:
Ամերիկյան լրատվականը նաեւ նշում է, որ քանի որ KCNA-ի տեղեկագրում չի ներկայացվում գործարանի գտնվելու վայրը, պարզ չէ, թե լուսանկարներն արվել են միջազգային դիտորդներին արդեն հայտնի հաստատությունում, թե դրանք նոր հաստատության լուսանկարներ են: Հեռուստաալիքն ընդգծում է, որ, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, ԿԺԴՀ-ում կան ուրանի հարստացման մի քանի օբյեկտներ։
Ենթադրվում է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի արտադրության մշակման ծրագրերը մեկնարկել են դեռեւս 1950-ականներին։ Սակայն միայն 2005 թվականին Հյուսիսային Կորեան հայտարարեց միջուկային զենք ունենալու մասին, իսկ 2012 թվականին նոր սահմանադրությամբ իրեն հռչակեց միջուկային տերություն։