ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին ունեցած հեռախոսազրույցի ժամանակ վերահաստատել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն ու արժանապատիվ խաղաղության կարեւորությունը։ Այս մասին ասվում է Պետքարտուղարության հաղորդագրության տեքստում։
«Պետքարտուղար Բլինքենը ողջունել է կողմերի միջեւ վերջին առաջընթացը՝ ներառյալ սահմանազատման կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դրանում նաեւ նշվում է, որ Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են հայ—ամերիկյան ընդլայնվող հարաբերությունները՝ ներառյալ էներգետիկայի, առեւտրի եւ ներդրումների, ինչպես նաեւ կրթության ոլորտներում համագործակցությունը։
«Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների հավատարմությունը բարգավաճ, ժողովրդավարական եւ անկախ Հայաստանին աջակցելու շարունակական ջանքերին, որոնք օգուտ են բերում Հայաստանի ժողովրդին եւ ավելի լայն՝ կովկասյան տարածաշրջանին»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության տեքստում։
Հիշեցնենք, որ նախօրեին հայկական կողմը հաղորդել էր Բլինքեն—Փաշինյան հեռախոսազրույցի մասին՝ նշելով, որ քննարկվել են Հայաստան—Ադրբեջան խաղաղության գործընթացին եւ Հայաստան—ԱՄՆ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր: