«Հաղթանակ» թաղամաս, երրորդ մասնաշենք․ ծերանոցի գլխավոր մասնաշենքից քիչ հեռու առանձնանում է իր հանգիստ ու մեկուսացած դիրքով: Շենքի շրջակայքում չորացած խոտածածկն է, պատի տակ շարված են հին անվասայլակները։ Մասնաշենքի ներսում տիրում է հիշողություններով լի մթնոլորտ։ Այստեղ ապաստան են գտել Արցախից տեղահանվածները։ Սենյակների պատերը լուռ կրում են բնակիչների պատմությունները։
Նեղ միջանցքում կողք կողքի միանման դռներ են, հասա վերջին սենյակ։ Անմիջապես դռան կողքին Ջուլիետտա Դավթյանի մահճակալն է։ Ջուլիետտան Ստեփանակերտից է, մենակ էր ապրում, շտաբի դիմաց։ Առօրյա ծախսերը հոգում էր 45000 դրամ թոշակով եւ արեւածաղիկ վաճառելով։
Ծանոթներից մեկի մեքենայով հարեւանուհու հետ Ջուլիետտան սեպտեմբերի տասնիննին հասավ հրապարակ, տեսնելով շարված մեքենաներն ու ավտոբուսները՝ հետ գնաց տուն։
«Հետ եմ դառնում իմ տոնս, վախում եմ, կարում չըմ քինյամ, չեմ ուզում բաց թողիմ տոնս։ Եկալ ենք հետ, չայ ենք խմել ու կարտոշկա եմ երկու հատ դրել, որ եփեմ, իրիկունն ուտինք, բայց հետո միտքս փոխվել ա, զանգել եմ մեր հարեւանի աղջկան, ասել եմ՝ մի մաշին ուղարկի, գա, մեզ բերի հրապարակ։
Հասել ենք հրապարակ, ընդեղ էլ՝ լիքը մարդ, ցուրտ։ Ինձ մի տղա գրկեց, նստացրեց ավտոբուսը ու մինչեւ ժամը տասնմեկը նստած ենք մնացել ընդեղ։ Հետո բերեցին, համարները տվեցին, թե ո՛վ ո՛ր ավտոբուսով պետք ա գնա: Ես պետք ա ինվալիդների ավտոբուսը նստեի, ըտենց մի զինվորական ինձ դրեց կալյասկան (սայլակը) ու տեղափոխեց ընդեղ, բայց վեշերս մնացին էն մյուս ավտոբուսում, էլ ո՛չ հարեւանիս տեսա, ո՛չ էլ վեշերս ինձ հասան»,- պատմում է Ջուլիետտա Դավթյանը։
Տեղահանումից հետո Ջուլիետտային քրոջ որդին տանում է Մոսկվա, սակայն այնտեղ նա չի հարմարվում, ծանր հիվանդանում է, ոչինչ չի ուտում եւ խնդրում է հարազատներին՝ իրեն հետ ուղարկեն Հայաստան։
«Խոխեքս ասում են, բա ո՞ւր ես մնալու, ասել եմ՝ ծերանոց։ Բերեցին ստեղ, բայց տեղ չկար։ Ասել եմ՝ տարե՛ք, էն պահակի բուտկայում ես կնստեմ, լացելով տարան, թողեցին ինձ ընդեղ։ Էստեղի տնօրենն ա տեսել, որ նստած էի, եկավ սկսեց հարց ու փորձ անել, որ հարցրեց՝ «սովա՞ծ ես», սկսեցի լացել, գնաց, մի կտոր հացի մեջ տոլմա դրեց, բերեց։ Դե հետո էլ ինձ տեղափոխեցին արդեն էս սենյակ»,- հիշում է Ջուլիետտան։
Բողոք չունի, ծանոթներն ու հարազատները այցելում են։ Ապագայի հետ հույսեր չի կապում, միայն մի բանի կարիք ունի։
Ջուլիետտայի սենյակի դիմաց տղամարդկանց սենյակն է, այստեղ է ապրում ցորեցի Յուրա Բաղրյանը։ Ռմբակոծության ժամանակ մի քանի տեղից վիրավորվել է, ինչի հետեւանքով նվազել է լսողությունը։ Ստեփանակերտի ծերանոց տեղափոխվել է 44-օրյա պատերազմից հետո, երբ կորցրեց Հադրութի տունը։ Կին ու երեխաներ չուներ, մենակ էր ապրում։
Յուրա Բաղրյանը երկար տարիներ աշխատել է փոստում։ Հիշում է, որ Արցախում ժամանակակից ու ակտիվ կյանքով էր ապրում, իսկ շուրջօրյա խնամքի կենտրոնում զբաղվելու ոչինչ չկա, իր խելքի մարդ էլ չի գտնում, որ երկու բառ փոխանակի։
«Ես չեմ կարողանում մի մարդ գտնեմ, որ էս ներկայիս ժամանակից խոսեմ։ Երբ պահակակետի մոտ մենակ նստում եմ, բուժքույրերն էլ են ասում․ «Ձյա՛ձ Յուրա, սա քո տեղը չի, տխուր ես»։ Գա, մեկը նստի կողքդ, խոսի, եսիմ, չեմ տեսել տենց բան»,- պատմում է Յուրա Բաղրյանը։
Ապագայի հույսերը մեծ չեն, ասում է՝ միայն երեւակայել կարող է, որ օրերից մի օր հետ կգնա Արցախ։
Թեեւ «Հաղթանակ» խնամքի շուրջօրյա կենտրոնում սենյակները մաքուր են, կահավորված, եւ ամեն սենյակում հեռուստացույց կա, բնակիչները պատմում են, որ անելու ոչինչ չկա, ամբողջ օրն անցնում է չորս պատի մեջ, իսկ դրսում անգամ զբոսնելու համար կանաչ տարածք չկա։
«Սաղ օրը սենյակներն ենք, քնում ենք, հաց ուտում, նորից քնում, զբաղմունք չկա, պարապ-սարապ ման ենք գալիս»,- պատմում է Արինա Ֆիլյանը։
Ստեփանակերտի ծերանոցից Յուրայի հետ եկել է նաեւ Հայկանուշ Բարսեղյանը։ Ծնունդով Արցախի Ջրաղացներ գյուղից է, սակայն ամուսնությունից հետո տեղափոխվել էր Այգեստան: Տարիներ շարունակ աշխատել է մետաքսի կոմբինատում, եղել է կոմսոմոլի քարտուղար:
Ամուսնուն եւ երեխաներին կորցնելուց հետո գնացել է ծերանոց։ Տղային արցախյան առաջին պատերազմում էր կորցրել եւ ի պատիվ որդու իրեն ծերանոցում շատ լավ էին նայում, կատակով հիշում է, որ այնտեղ «լյուքս» սենյակ ուներ։
«Էստեղ մեզ շատ լավ են վերաբերվում, սպասարկումից ու ամեն բանից գոհ եմ», — պատմում է Հայկանուշ Բարսեղյանը։
Արցախ գնալ չի ուզում, ոչ մեկին չունի։ Միակ ցանկությունը սեփական հողում մեռնելն էր։ Մի վստահելի անձի գումար է տվել եւ խնդրել, որ մահանա, իրեն ծերանոցում չթողնեն։
Այս պատմությունները միայն մի մասն են այն կյանքի, որ շարունակում են ապրել Արցախից տեղահանվածները։ Կորցրել են իրենց տները, հարազատներին, բայց միաժամանակ փայփայում են վերադարձի հույսը։ Չնայած կենտրոնում խնամքին՝ այս բնակիչները շարունակում են ապրել վշտի եւ կարոտի հետ, ամեն օրն անցկացնելով հուշերի եւ երազանքների մեջ։
Տեսանյութերը՝ Ֆրունզ Ավետիսյանի
Մուլտիմեդիա լրագրող եմ: Ավելի հաճախ պատմում եմ մարդկանց մասին։ Երբ խոսքը, պատկերն ու ձայնը միանում են, ստացվում են ազդեցիկ պատմություններ: