Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում ԱՄՆ իշխանություններին կներկայացնի Ռուսաստանի դեմ պատերազմի իր ռազմավարությունը, գրում է Bild-ը։
Գերմանական պարբերականի համաձայն՝ այդ ծրագիրը ներառում է ե՛ւ Ռուսաստանի տարածքի խորքում հարվածների համար արեւմտյան զենքի կիրառումը թույլ տալու պահանջ, ե՛ւ ռազմաճակատի որոշ հատվածներում տեղական զինադադարի, այսինքն՝ իրավիճակի ժամանակավոր սառեցման Ուկրաինայի պատրաստակամություն։
Միացյալ Նահանգներ սպասվող այցի ընթացքում Զելենսկին այս ծրագիրը կներկայացնի ինչպես գործող նախագահ Ջո Բայդենին, այնպես էլ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսին եւ Դոնալդ Թրամփին, նշում է Bild-ը։
Պարբերականը չի ներկայացնում այս տեղեկատվության աղբյուրը կամ Զելենսկու հավանական ռազմավարության այլ մանրամասներ։
Ուկրաինայի նախագահի խորհրդական Դմիտրի Լիտվինը Bild-ի հրապարակած տեղեկությունը կեղծ է անվանել։
«Ուկրաինան դեմ է պատերազմի ցանկացած սառեցմանը, եւ Ուկրաինայում իշխանության բոլոր մակարդակներում խոսում են այդ մասին։ Եվ մեզ համար կարեւոր է, որ ԱՄՆ-ն աջակցի Ուկրաինայի Հաղթանակի ծրագրին, այլ ոչ թե կապիտուլյացիային կամ սառեցմանը»,- գրել է նա Facebook-ում։