Ֆրանսիան աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդար ու կայուն խաղաղություն հաստատող պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին այսօր Երեւանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն։
Նա իր խոսքում ընդգծել է, որ Ֆրանսիան միշտ պատրաստակամ է աջակցելու Հայաստանին, եւ այդ աջակցությունը տարբեր քաղաքական ուղղություններից անդին է։
«Ֆրանսիայում շատ քիչ թեմաներ կան, որոնց շուրջ բոլոր քաղաքական ուղղությունները համաձայն են, եւ այդ թեմաներից մեկը Հայաստանն է»,- նշել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
Նա ընդգծել է, որ Փարիզը կողմ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկրների ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը հարգող պայմանագրի արագ ստորագրմանը։
«Նախարարի հետ մենք խոսել ենք տարածաշրջանային իրավիճակից եւ մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների մասին։ Եվ ցանկանում եմ ասել, որ Ֆրանսիան աջակցում է այնպիսի պայմանագրի հնարավորինս արագ ստորագրմանը, որը արդար եւ կայուն խաղաղություն կհաստատի՝ հարգելով երկու երկրների ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Սա 1991 թվականին Ալմա-Աթայում ստորագրված փաստաթղթի ամբողջ իմաստն է։ 2022 թվականին Պրահայում այս նույն գաղափարն է ներկայացվել։ Այս խաղաղության հաստատումը շատ կարեւոր է, երբ այս բոլոր կարեւոր սկզբունքները ոտնահարվում են Ռուսաստանի կողմից Ուկրաինայում»,- նշել է Սեժուրնեն։
Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաեւ անդրադարձավ օգոստոսի 30-ին սահամանազատման հանձնաժողովների միջեւ ստորագրված կանանոկարգին՝ նշելով, որ այն ճիշտ ուղղությամբ ընթացող գործընթաց է, եւ Ֆրանսիան նույնպես աջակցում է դրան։
Սեժուրնեն ընդգծել է նաեւ, որ Բաքուն ՄԱԿ-իԿլիմայի փոփոխությանը նվիրված գագաթնաժողովին ընդառաջ պետք է ցույց տա Երեւանի հետ խաղաղության պայամանագիր կնքելու իր պատրաստակամությունը։
«Քանի որ Ադրբեջանը շուտով կհյուրընկալի COP29-ը, նրա պատասխանատվությունն է ցույց տալ, որ անկեղծորեն ցանկանում է հասնել այդ խաղաղությանը նախքան COP29-ը։ Կարծում եմ, որ պետք է կարողանանք առաջ գնալ այս թեմայի շուրջ շատ արագ»,-նշել է Սեժուրնեն։
Ըստ նախարարի՝ Ֆրանսիան Հայաստանին աջակցելու է նաեւ եվրոական եւ մարդասիրական հարթակներում։
Մարդասիրական հարթակում, ըստ Սերժուրնեի, Փարիզը 29 մլն եվրո կտրամադրի Հայաստանին փախստականների աջակցության համար։
Նախարարը նաեւ ընդգծել է, որ Ֆրանսիան շարունակելու է Հայաստանին աջակցել նաեւ պաշտպանության բնագավառում։
«Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր ամբողջականությունը՝ իր տարածքը, իր բնակչությանը։ Բարեկամների միջեւ բնական է համագործակցությունը նաեւ այս բնագավառում, եւ մենք դա անում ենք՝ եւս մեկ անգամ սուվերենության հարգանքով եւ առանց որեւէ էսկալացիայի կամքի»,- հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը։