Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիրը այն տեքստով, որն արդեն համաձայնեցված է։ Սրա մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեջուրնեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Նշելով, որ Հայաստանը նվիրված է խաղաղության օրակարգին՝ Միրզոյանը հիշեցրել է, որ Երեւանը Բաքվին է փոխանցել խաղաղության պայմանագրի հերթական նախագիծը, որում ներառված են բացառապես փոխհամաձայնեցված հոդվածները։
«Ցանկանում եմ նորից նշել Ֆրանսիայի աջակցությունն այս գործընթացին եւ Հայաստանին, Ֆրանսիայի աջակցությունը խաղաղության հաստատմանը, այդ տեսլականին։ Այս ամենի համար ուզում եմ մեր երախտիքը հայտնել եւ ասել, որ այդ աջակցությունը շատ զգալի է եւ կարեւոր»,- ընդգծել է արտգործնախարարը։
Միրզոյանը ընդգծել է, որ դա պետք է լինի մի այնպիսի համաձայնագիր, որով, ըստ էության, երկու երկրները կճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որն, ի թիվս այլ բաների, սահմանում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններն այն սահմաններն են, որոնք երկու երկրների միջեւ գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին։