Ուկրաինան փորձում է համոզել ԱՄՆ-ին, որ վերջինս թույլ տա ամերիկյան զինատեսակներով հարվածներ հասցնել ռուսական տարածքի խորքում, սակայն դեռ համապատասխան թույլտվություն չի ստացել։ Սրա մասին Վլադիմիր Զելենսկին ասել է CNN-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ դրանից կախված կլինեն նաեւ Կիեւի եվրոպացի գործընկերների նման որոշումները։
«Բոլորը նայում են Միացյալ Նահանգների որոշումներին։ Բոլորը սպասում են նման որոշումների։ Դրանից հետո կկայացվեն որոշումներ։ Սա է ճշմարտությունը։ Եվ այդ պատճառով մենք իսկապես ցանկանում էինք օգտագործել այդ զինատեսակները եւ այդ ինքնաթիռներով ուղղակի հարձակվել ռազմական բազաների վրա, այլ ոչ թե քաղաքացիական ենթակառուցվածքների»,- ասել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ Կիեւին առաջին հերթին անհրաժեշտ է ռուսական ավիաբազաների վրա հարձակվելու հնարավորություն, որոնք օգտագործվում են Ուկրաինայի տարածքը ռմբակոծելու համար։
«Այնտեղից նրանք օգտագործում են ոչ միայն հրթիռներ, այլեւ ռեակտիվ ինքնաթիռներ եւ ամեն ամիս նետում են չորս հազար կառավարվող ավիառումբ․ մեր երկրի միայն արեւելքում չորս հազար ավիառումբ։ Եվ այդ ռումբերն ու հրթիռները հարվածում են Ուկրաինայի քաղաքացիական բնակչությանը, դպրոցներին եւ էներգետիկ ենթակառուցվածքներին։ Մեր ամբողջ էներգետիկ ենթակառուցվածքը 80%-ով ավերված է։ Այդ կառավարվող ռումբերով»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Բացի այդ՝ Զելենսկին դժգոհել է զենքի պակասից եւ արեւմտյան գործընկերների կողմից ռազմական օգնության դանդաղ առաքումից։ Ըստ նրա՝ ներկայիս տեմպերով Ուկրաինայի զինված ուժերը չեն կարողանա զինել 14 բրիգադներից նույնիսկ չորսին, որոնք պետք է պատրաստվեն ռազմաճակատ ուղարկելու համար։
Սեպտեմբերի 11-ին The Guardian թերթը, հղում կատարելով բրիտանական կառավարության աղբյուրներին, հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան թույլ է տվել Ուկրաինային օգտագործել հեռահար «Storm Shadow» թեւավոր հրթիռները՝ Ռուսաստանում թիրախների վրա հարձակվելու համար։
The New York Times-ի հաղորդամբ էլ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հակված է հավանություն տալու դաշնակիցների որոշմանը, որը թույլ է տալիս Ուկրաինային հարվածել Ռուսաստանին արեւմտյան հեռահար զինատեսակներով՝ պայմանով, որ նման գործողությունների ժամանակ ամերիկյան հրթիռներ չեն կիրառվի։