Վրաստանի եւ Հարավային Օսիայի ժողովուրդների հաշտեցումը ենթադրում է գործած սխալների ընդունում եւ փոխադարձ ներողամտություն։ Սրա մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Տարրական ճշմարտությունն այն է, որ չկա ավելի բարձր նպատակ, քան մեր տարածքային ամբողջականության վերականգնումը։ Սա առաջինն է։ Երկրորդ՝ տարածքային ամբողջականության վերականգնումը տեղի կունենա միայն խաղաղ ճանապարհով։ Երրորդ՝ խաղաղ ճանապարհը ենթադրում է հաշտեցում։ Եվ չորրորդ՝ հաշտեցումը ենթադրում է գիտակցում, թե ինչ վերքեր ենք պատճառել միմյանց, ինչ վերքեր են մնացել մեզ վրա․ որտեղ անհրաժեշտ կլինի ապաշխարության գիտակցում, եւ որտեղ անհրաժեշտ է փոխադարձ ներման գիտակցում»,- ասել է Պապուաշվիլին՝ մեկնաբանելով նախօրեին «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի՝ Գորիում հնչեցրած հայտարարությունները։
Նշենք, որ իշխող կուսակցության հիմնադիրն այդ ելույթի ժամանակ նախկին նախագահ Սաակաշվիլիին մեղադրել էր դրսի հրահանգով Հարավային Օսիայում պատերազմ սկսելու համար։
Իվանիշվիլին հայտարարել էր, որ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ «պատերազմը հրահրողները կդատապարտվեն, եւ վրաց-օսական բարեկամության ոչնչացման բոլոր մեղավորները կստանան խստագույն իրավական պատասխան», Վրաստանը ուժ կգտնի եւ ներողություն կխնդրի այն փաստի համար, որ 2008 թվականին Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը «օս եղբայրներին ու քույրերին նետել էր կրակի բոցերի մեջ»։
Իվանիշվիլիի խոսքերը վրդովմունք են առաջացրել ընդդիմության եւ հասարակության մի մասի, այդ թվում՝ 2008 թվականի պատերազմի ժամանակ սպանված զինծառայողների այրիների շրջանում։ Կարծիքներ են հնչել, որ այս հայտարարությամբ Իվանիշվիլին Վրաստանը ճանաչել է որպես պատերազմի մեղավոր եւ արժեզրկել զինվորների սխրանքը։