Վերջին տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3368 քաղաքացի բնակություն է հաստատել Շիրակի մարզում:
Մարզում Արցախից եկած նախադպրոցական տարիքի 160 երեխա է հաշվառված, իսկ դպրոցներում սովորում է 1264-ը:
Բռնի տեղահանված ընտանիքների 34 երեխա տարբեր պատճառներով դուրս է մնացել հանրակրթությունից: Շիրակի մարզպետի աշխատակազմից տեղեկացնում են, որ աշխատանքային խումբ են ձեւավորել, դպրոց չհաճախող բոլոր երեխաների ընտանիքներին այցելել, ոմանց էլ հրավիրել են մարզպետարան, որտեղ բացատրական աշխատանքների միջոցով հորդորել են երեխաներին դպրոց տանել:
Դպրոց չհաճախելու հիմնական պատճառները միջավայրին անծանոթ լինելն է եղել, ընտանիքների հոգեբանական վատ վիճակը, երբեմն էլ անորոշությունը, թե կմնան արդյոք նույն բնակավայրում:
Վազգեն Շաքարյանի 13-հոգանոց ընտանիքը մի կերպ թշնամու գնդակներից փրկվել, Ախուրյան բնակավայրում է հաստատվել: Տան միջին տարիքի դպրոցականներն անտրտունջ շարունակել են ուսումը Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցում: Ամենակրտսերին՝ Իգորին, սակայն, դպրոց տանել չէր հաջողվում: Երեխայի մայրը՝ Մերի Մարտիրոսյանը, պատմում է, որ որդին դպրոց հասնելուն պես սարսափահար գոռում էր, թե չեմ մտնի ներս: «Ասում էր՝ բա որ էստեղ կրակեն, ինքնաթիռներով դպրոցին խփեն, ես ո՞ւմ պադվալ գնամ: Ջերմում էր ապրումներից»,- պատմում է մայրը:
Ախուրյանի թիվ 2 դպրոցի տնօրեն Նարինե Մուշեղյանն ասում է՝ Իգորի հետ հոգեբանական երկարատեւ աշխատանք են տարել, օգնել են, որ սթրեսը հաղթահարի: Երեխային դպրոց բերելու միայն մեկ միջոց են գտել՝ թույլ են տվել, որ մայրն էլ իր հետ դասի նստի: «Այս տարեսկզբից արդեն երեխան դասերի է հաճախում բնականոն ռեժիմով, վախերն անցել են»,- վստահեցնում է տնօրենը: 2023 թվականից Ախուրյանի թիվ 2 դպրոց են ընդունվել 18 բռնի տեղահանված ընտանիքների երեխաներ, որոնցից 7-ը դպրոցից դուրս են եկել ընտանիքների հետ այլ մարզեր տեղափոխվելու պատճառով:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեկ այլ՝ Գասպարյանների ընտանիքում 4 դպրոցահասակ երեխա կա: Ընտանիքի մայրը՝ Արեւիկ Գասպարյանը, պատմում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 30-ին հասել են Շիրակի մազի Բենիամին գյուղ, հաջորդ օրը երեխաները սկսել են հաճախել հանրակրթական դպրոց: «Մենք շատ վատ հոգեբանական վիճակում էինք. եթե մեզ չօգնեին, չուղղորդեին, գրենական պարագաներ չտրամադրեին, դժվար թե կարողանայինք այդքան արագ երեխաներին դպրոց ուղարկել»,- ասում է մայրը:
Շիրակի մարզպետի աշխատակազմից վստահեցնում են, որ հանրակրթությունից դուրս մնացած երեխաների մեծ մասն արդեն դպրոց է հաճախում: Իսկ այն ընտանիքների հետ, որոնք համառորեն երեխաներին դպրոց չեն տանում, մշտական աշխատանք է տարվում, որ դպրոցահասակ արցախցի ոչ մի երեխա դպրոցից դուրս չմնա:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։