Իրանը շարունակում է համագործակցել եւ առեւտուր անել Ռուսաստանի հետ, սակայն վերջինիս ոչ մի հրթիռ չի մատակարարել։ Սրա մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին ասուլիսի ժամանակ, որն անցկացրել է իրանցի եւ օտարերկրյա լրագրողների մասնակցությամբ։
«Ռուսաստանի հետ համագործակցություն եւ առեւտուր ունենք հաստատված, սակայն այն պահից, ինչ մենք եկել ենք իշխանության, որեւէ զենք չի փոխանցվել»,- ասել է Իրանի նախագահը։
Փեզեշքիանը նաեւ վստահեցրել է, որ Իրանը միշտ հանդես է եկել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։
Միեւնույն ժամանակ Իսլամական Հանրապետության նախագահը պատերազմի մեկնարկի համար մեղադրել է Եվրոպային եւ ՆԱՏՕ-ին, որը նրա համոզմամբ փորձել է ընդարձակել իր սահմանները եւ դաշինքի մեջ ընդգրկել Ուկրաինային։
Ավելի վաղ Ռուսաստանին հրթիռների մատակարարումների մասին տեղեկությունները հերքել էր նաեւ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Գերմանիայի ԱԳՆ-ն հրապարակեց Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը, որում ասվում էր, որ այդ երկրներն անհապաղ նոր միջոցներ են ձեռնարկում Իրանի դեմ՝ կապված Ռուսաստանին բալիստիկ հրթիռների մատակարարման հետ։ Մասնավորապես հայտարարվեց Իրանի հետ ավիափոխադրումների մասին համաձայնագրերի դադարեցման եւ Iran Air-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։