Վաշինգտոնը շարունակում է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն եւ արժանապատիվ խաղաղության հաստատելուն։ Սրա մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ նշելով, որ Վաշինգտոնում միշտ առիթներ են փնտրում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրելու համար։
Միլլերը սրա մասին խոսել է՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ վերջին հեռախոսազրույցներից հետո փորձում է եւս մեկ հանդիպում կազմակերպել Նյու Յորքում։
«Մենք շարունակում ենք աջակցել երկու երկրների ջանքերին՝ հասնելու կայուն եւ արժանապատիվ խաղաղության համաձայնագրին։ Նրանք զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձեւակերպման ուղղությամբ, եւ մենք պարտավորվում ենք աջակցել նրանց ամեն կերպ, ներառյալ հանդիպում հրավիրելը, եթե դա օգտակար է»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:
Թե՛ Հայաստանից ե՛ւ թե Ադրբեջանից հայտարարում են, որ խաղաղության պայմանագրի շուրջ 80 տոկոսը արդեն համաձայնեցված է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ «Երեւանյան երկխոսություններ» միջազգային համաժողովին, ապա նաեւ Հայաստանի Ազգային ժողովում հայտարարեց, որ Երեւանը պատրաստ է ստորագրելու արդեն համաձայնեցված հոդվածներով փաստաթուղթը, իսկ մյուս դեռ չհամաձայնեցված հարցերը թողնել հետագայի քննարկման։
Բաքվից էլ ի պատասխան արտգործնախարարության մակարդակով հայտարարեցին, որ Ադրբեջանը չի ստորագրի ամբողջապես չհամաձայնեցված փաստաթուղթ, եւ կրկին նշեցին, որ խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր նախապայմանը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է։