ԱՄՆ ֆինանսների դեպարտամենտը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ներքին գործերի նախարարության եւ ռուսամետ «Alt-info» կազմակերպության ներկայացուցիչների նկատմամբ՝ «Վրաստանում հիմնարար ազատությունները, ներառյալ խոսքի ազատությունը խարխլելու պատճառով»:
Ֆինանսական պատժամիջոցներ են սահմանվել Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի տնօրեն Զվիադ Խարազիշվիլիի («Խարեբա»), նրա տեղակալ Միլերի Լագազաուրիի, «Alt-info»-ի ղեկավարներ Զուրաբ Մախարաձեի եւ Կոնստանտին Մորգոշիի նկատմամբ։
Ամերիկյան գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ Վրաստանի կառավարության պաշտոնյաները կապված են «խաղաղ ցուցարարների եւ քաղաքական հակառակորդների նկատմամբ դաժան բռնաճնշումների հետ», իսկ Alt-info-ի ներկայացուցիչները «ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատասխանատու են Վրաստանի քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրագործումը բռնությամբ ճնշելու համար»։
Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցները կապված են «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ բողոքի ակցիաների ճնշման հետ։
Հայտնի է նաեւ, որ Alt-info կազմակերպության առաջնորդները մասնակցել են 2021 եւ 2023 թվականներին ԼԳԲՏ անձանց հավաքների բռնի ցրման եւ լրագրողների դեմ իրականացրած հարձակումներին։
ԱՄՆ Պետդեպարտամենտն էլ իր հերթին հայտնել է, որ «լրացուցիչ քայլեր է ձեռնարկում Վրաստանի ավելի քան 60 քաղաքացիների եւ նրանց ընտանիքի անդամների նկատմամբ վիզային սահմանափակումներ կիրառելու համար, որոնք պատասխանատու են կամ ներգրավված են Վրաստանում ժողովրդավարության խարխլման համար»։